Հարյուրավոր հայեր Գլենդելում մասնակցել են Արմեն Հովհաննիսյանի հիշատակին մատուցված հոգեհանգստի պատարագին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուրավոր ամերիկահայեր են մասնակցել կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին մատուցված հոգեհանգստի պատարագին և սգո միտինգին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, պատարագը մատուցվել է Գլենդելի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում` Հայ Յեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ: Պատարագի ընթացքում Մյուրոն Ծ. Վրդ. Ազնիկյանը փառաբանել է հայ հերոսների քաջությունը:
Սուրբ Մարիամ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի առջև կայացած հավաքի բանախոսներից ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Դավիթ Առաքելյանն իր վրդովմունքը և զայրույթն է հայտնել Ադրբեջանի վայրենի ագրեսիայի և Մինսկի խմբի համանախագահների հանդեպ, ովքեր զսպվածության կոչ են անում երկու կողմերին` անտեսելով այն իրականությունը, որը զսպվածություն չցուցաբերող միակ կողմն Ադրբեջանն է:
«Բոլորիս համար Արմեն Հովհաննիսյանն անձնուրացության, խիզախության և հայրենիքի հանդեպ սիրո օրինակ պիտի հանդիսանա»,- նշել է Առաքելյանը:
Իսկ Արցախի պետականության ամրապնդման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործում ՀՅԴ առաջնորդ Ավետիք Իզմիրլյանը կարևորեց համախմբվածությունը տեղի համայնքի ներսում:
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։