Ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է հատել հակամարտ զորքերի շփման գիծը. հայ զինծառայող է զոհվել
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը` ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը:
Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: