Արևելագետը չի բացառում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ակտիվացումը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ուժեղացնում է իր դիրքերը Հարավային Կովկասում Հայաստանի միջոցով` հարմար հարթակ ստեղծելով Մերձավոր Արևելքում իր ազդեցությունն ընդլայնելու համար: Այս տեսակետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Չի կարելի բացառել, որ որոշակի փուլում, երբ Ռուսաստանին հաջողվի վերականգնել նախկին Խորհրդային Միության ազդեցությունը Մերձավոր Արևելքում, Մոսկվան կտիվություն ցուցաբերի նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ներկայում Ռուսաստանը քննարկում է Հայաստանի հետ ռազմաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման հարցերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց արևալագետը:
Նրա խոսքով` Մերձավոր Արևելքում նկատելի է ԱՄՆ-ի ազդեցության թուլացում և Ռուսաստանի դիրքերի ամրապնդում` ամերիկացների իսկ ցանկությամբ: «Եթե մինչև այժմ արձանագրում էինք, որ Մերձավոր Արևելքում թուլացել է Ռուաստանի դերակատարությունը, ապա հիմա նրա հեղինակությունը գնալով մեծանում է, քանի որ Ռուասատանը ցույց տվեց, որ ինքը, ի տարբերություն ամերիկացիների, չի դավաճանում իր դաշնակցին»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: «Այս պարագայում տարածաշրջանի պետությունները ձգտում են մերձենալ Ռուաստանին: Մենք տեսնում ենք, որ Եգիպտոսը բանակցություններ է սկսում Ռուսաստանի հետ` մեծ քանակի զենքի գնման նպատակով, նման կարևոր հարցեր Ռուսաստանը քննարկվում է նաև Իրաքի հետ»,- հավելեց բանախոսը: