Սերժ Ավետիքյանը Փարաջանովին մարմնավորելու համար լավագույն դերասան է ճանաչվել Բաթումի կինոփառատոնում
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում գլխավոր դերակատարման համար Սերժ Ավետիքյանը Բաթումի կինոփառատոնում արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին: Ֆիլմի գլխավոր դերակատար եւ պրոդյուսեր Սերժ ԱվետիքյանըՓարիզից«Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ մրցանակին նա արժանացել է սեպտեմբերի 19-23-ն անցկացվողկինոփառատոնի գլխավոր ժյուրիի կողմից, սակայն ինքն անձամբ չի կարողացել ներկա գտնվել Բաթումում:
Ավելի վաղ Կաննի կինոփառատոնի դափնեկիրը տեղեկացրել էր, որ «Փարաջանովը»-ը ուկրաինական կինովարձույթ է դուրս գալու հոկտեմբերի 3-ին, նախապրեմիերան կկայանա հոկտեմբերի 2-ին:Ֆրանսիայում ֆիլմը կինովարձույթում կհայտնվի հունվարին կամ փետրվարին:
«Փարաջանով»-ի հայաստանյան պրեմիերան կկայանա մինչեւ տարեվերջ:
Ուկրաինան «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրել է «Փարաջանով» ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի 2013 թվականի «Օսկար» մրցանակի համար:Օդեսայի 4-րդ կինոփառատոնում «Փարաջանով»գեղարվեստական ֆիլմը ճանաչվել էր լավագույն լիամետրաժ ֆիլմ եւ ստացել «Զոլոտոյ Դյուկ» մրցանակը: Մասնագիտական ժյուրիի դրական գնահատականից բացի, այն արժանացել էր նաեւ հանրության հավանությանը: