Authentic Light Orchestra-ն առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ավստրա-շվեյցարական էթնո-ջազային Authentic Light Orchestra խումբը սեպտեմբերի 18-ին հանդես եկավ Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ջազային խումբը ելույթ ունեցավ Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ և ներկայացրեց տարբեր տարիների ջազարվեստի ավանդույթների գունապնակը: Միջոցառմանը մասնակցեցին նաև հայ ջազմեններ Արմեն Հյուսնունցը, Վահան Արծրունին, Միքայել Ոսկանյանը և այլ երաժիշտներ:

«Այսպիսի համերգ Հայատանում դեռ չէր եղել. նախ, Authentic Light Orchestra-ի հետ հանդես եկավ Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը: Երեկոյի հատուկ հյուրերը բացառիկ երաժիշտներ էին: Բացի այդ, Շվեյցարիայից առաջին անգամ ժամանած երգչուհի Վերոնիկա Ստալդերը երեկոյի ընթացքում կատարեց 4 հայկական երգ: Առաջին անգամ Հայաստանում ելույթ ունենալը շատ պատասխանատու էր: Authentic Light Orchestra-ի բոլոր անդամները հիացած են Հայաստանով և ցանկություն ունեն կրկին այստեղ հանդես գալ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց խմբի հիմնադիր Վալերի Տոլստովը:

«Ձեր երկիրը սիրեցի առաջին իսկ հայացքից: Մարդիկ այստեղ շատ լավն են: Անկեղծ ասած`շատ հուզված էի համերգից առաջ, որովհետև առաջին անգամ էի ելույթ ունենում նվագախմբի հետ: Հայկական երգեր կատարել շատ եմ սիրում: Առաջին անգամ ձեր երգերը լսել եմ մի քանի տարի առաջ և ապշել եմ»,- նշեց Վերոնիկա Ստալդերը:

Authentic Light Orchestra-ն իր բնույթով յուրօրինակ խումբ է, որը հիմնադրվել է 2009թ.-ին, Ցյուրիխում` Վալերի Տոլստովի կողմից: Չնայած խմբի կազմը փոքր է` 5 երաժիշտ, բայց գործիքային բազմազանության շնորհիվայն նվագախումբ է հիշեցնում: Համերգի ժամանակ երաժիշտներն օգտագործում են 15-30 և նույնիսկ ավելի շատ գործիքներ: Authentic Light Orchestra-ն սիրում է իմպրովիզացիաներով հանդես գալ. օրինակ` համերգի ժամանակ դուդուկը հանկարծ կարող է փոխարինվել սաքսոֆոնով, իսկ ակուստիկ գործիքները` էլեկտրոնիկայով, և այդպես շարունակ: Խմբին ոգևորում է հատկապես հայկական ժողովրդական երաժշտությունը: Authentic Light Orchestra-ում հանդես է գալիս ազգությամբ հայ թմբկահար Ալեքսանդր Գրիգորյանը: Խումբը տարբեր տարիներին ունեցել է հայ անդամներ:

ԽմբիBeyond the House անվանումը կրող ձայնասկավառակի առաջխաղացամամբ զբաղվել է ազգությամբ հայ մենեջեր Աստրիդ Գրիգորյանը: Վերջին 2-3 տարիներին Authentic Light Orchestra-ն հավաքել է տարբեր ազգությունների տաղանդավոր երաժիշտների, որոնք մասնագիտացված են երաժշտական տարբեր ժանրերում: Խումբնիրենց համերգներին մասնակցելու համար երբեմն երգիչներ է հրավիրում:

Հայերեն English