ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի 10 ընկերությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը Երեւանում սեպտեմբերի 18-ին հայաստանցի գործընկերների հետ քննարկեց երկկողմ փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այցն իրականացվում է «Բիզնես Մարաթոն-2013» նախագծի շրջանակում, որի նպատակը երկու կողմերի գործարարների միջեւ ուղիղ, փոխշահավետ եւ կառուցողական կապերի հաստատումն է: Մոսկվայի գիտության, արդյունաբերական քաղաքականության եւ ձեռներեցության վարչության պետի տեղակալ Դմիտրի Կնյազեւը կարեւորեց գործընկերներ գտնելը: «Մենք, ի պատասխան, նույնպես պատրաստ ենք ընդունել Հայաստանի գործարարներին, մենք պատրաստ ենք աշխատել տարբեր մակարդակներով՝ կառավարական, դաշնային եւ քաղաքային, որպեսզի երկու կողմերի բիզնեսի համար բացվեն զարգացման հորիզոնները»,- նշեց Կնյազեւը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը նշեց երկու կողմերի գործարար միջավայրում դեռ չբացահայտված պոտենցիալի մասին: Նա հույս հայտնեց, որ նմանատիպ նախաձեռնությունները կընդլայնվեն: «Իհարկե, մի կողմից մեզ թվում է, թե մենք շատ լավ գիտեն միմյանց, գիտենք տնտեսությունները, սակայն իրականում այդպես չէ: Կան շատ հնարավորություններ, կան շատ նշաձողեր, որոնք դեռ լրացված չեն»,- ասաց Լալայանը:
Հայաստանի փոքր եւ միջին ձեռներեցության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարեն Գեւորգյանի խոսքով`փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման գործընթացը պահանջում է նոր գաղափարների եւ շփումների հաստատում: Նա հույս հայտնեց, որ միջոցառումը կնպաստի փոխշահավետ կապերի հաստատմանը հայ եւ ռուս գործարարների միջեւ: «Այս միջոցառումը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար քանի, նոր շուկաներ եւ գործընկերներ գտնելը մեր փոքր եւ միջին բիզնեսի համար կարեւոր նշանակություն ունի. գործարարների շփման այս ձեւաչափը ամենաարդյունավետներից է»,- նշեց Գեւորգյանը:
Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանն ավելացրեց, որբանակցություններ են ընթանում եւ հաջորդ տարեսկզբին սպասվում է ավելի մեծ մոսկովյան բիզնես պատվիրակության այց: Մարտիրոսյանը նշեց, որ այս միջոցառմանը Հայաստանի ավելի քան 180 փոքր եւ միջին ձեռնարկատերեր հաստատել են իրենց ցանկությունը գալ եւ մասնակցել ռուս գործընկերների հետ բանակցություններին: Նա նշեց, որ սեպտեմբերի 19-ին կլինեն այցելություններ հայկական ձեռնարկություններ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատելու համար:
Նախագիծն իրականացվում է Մոսկվայի եւ Երեւանի քաղաքապետարանների նախաձեռնությամբ: Մոսկովյան գործարարների պատվիրակության կազմում են ներկայացուցիչներ շինարարության, արդյունաբերական սարքավորումների, կահույքի, բժշկական սարքավորումների, կանանց հագուստի, ավտոմատացված համակարգերի եւ այլ ոլորտներից: Մոսկովյան պատվիրակությունը Երեւանում կմնա երկու շաբաթ: