Մշակույթ

ԱՄՆ-ում հրատարակվել է Խաչատուր Ավետիսյանի բոլոր երգերն ամփոփող ժողովածուն

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում հրատարակվել է Խաչատուր Ավետիսյանի բոլոր երգերն ամփոփող ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի53 ստեղծագործություններից բաղկացած «Խաչատուր Ավետիսյանի երգերը»գիրքն օգոստոսի 29-ին առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գիրքը ստեղծվել է անվանի կոմպոզիտորի որդի Միքայել Ավետիսյանի նախաձեռնությամբ:«Ժողովածուն առաջին անգամ ամփոփում է կոմպոզիտորի բոլոր երգերը: Նախկինում հրատարակվել են նրա 5-6 երգերից բաղկացած փոքրիկ երգարաններ, սակայն ամբողջական ժողովածու երբևէ լույս չի տեսել: Ժողովածուն մի քանի տարվա աշխատանքի արդյունք է: Գիրքը ստեղծվել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի ղեկավարության աջակցությամբ: Հիմնականում բոլոր երգերը գրվել են անվանի բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի հետ, ով Ավետիսյանին «մերօրյա Կոմիտաս» էր անվանում»,- նշեց Միքայել Ավետիսյանը:

Գիրքը մեկ ամիս առաջ է լույս տեսել, բայց Լոս Անջելեսում ժողովածուի շնորհանդեսը դեռ չի եղել: Նախատեսվում է ԱՄՆ-ում կայանալիք շնորհանդեսից հետո գիրքը տեղադրել համացանցում` վաճառքի: Միքայել Ավետիսյանը մի քանի գիրք է իր հետ բերել` հայաստանյան գրախանութներ տանելու համար: Խոստանում է, որ շուտով ավելի մեծ քանակությամբ գրքեր կբերի ԱՄՆ-ից:

«Բազմաթիվ երգչախմբեր և երգիչներ կատարում են Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները, անգամ իրենց ձայնասկավառակներում եններառում նրա երգերը: Ավետիսյանի գործերը հնչում են տարբեր երկրներում: «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբն ամեն անգամ շրջագայությունների մեկնելիս իրենց ծրագրում ընդգրկում են Ավետիսյանի ստեղծագործությունները: Երբեմն տխրում եմ, երբ լսում եմ մի կատարում և հազիվ եմճանաչում հորս երգերը»,- փաստեց կոմպոզիտորի որդին:

Միքայել Ավտիսյանը նախատեսում է առանձին գրքով լույս ընծայել կոմպոզիտորի դաշնամուրային ստեղծագործությունները, իսկ Եղեռնի 100-ամյակին ցանկանում է, որ Հայաստանում հնչի կոմպոզիտորի «Օրատորիա» ստեղծագործությունը:

Հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Խաչատուր Ավետիսյանը ծնվել է Լենինականում։ Կրթությունն ստացել է սկզբում Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա` Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ 1951-ին մասնակցել է Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնին, որտեղ անհատ կատարողների միջազգային մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ և ոսկե մեդալ։ 1958-ից աշխատել է Հայաստանի պարի անսամբլում որպես երաժշտական ղեկավար։ Մեծ ժողովրդականություն են վայելում նրա «Իմ անուշ տավիղ», «Մախմուր աղջիկ», «Ասում են, թե», «Անահիտ», «Անուրջներ», «Ծաղկեփունջ», «Կախարդված ծաղիկներ» և այլ երգեր։ Բացի այդ, Ավետիսյանը գրել է երաժշտություն կինոնկարների համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում