2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2013թ.-ի հուլիսին հունիսի համեմատ սակագներն աճել են 5.0 տոկոսով, ինչը հիմնականում բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների` 12.1 տոկոս հավելաճի արդյունք է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։ Ծառայության տվյալներով՝ 2013 թ.-ի հուլիսին հունիսի համեմատ խողովակաշարերով բնակչությանը գազային վառելիքի վաճառքի, բնական գազով ավտոմեքենայի լիցքավորման և բնակչությանը էլեկտրաէներգիայի վաճառքի ծառայությունների սակագների ընդհանուր աճը կազմել է 14.5 տոկոս: Վերոհիշյալ ծառայություններն, սպառողական զամբյուղում ունենալով 11.26 տոկոս տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.64 տոկոսային կետով։
Այս տարվա հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է տրանսպորտի` 0.1 տոկոս, բուժսպասարկման` 0.4 տոկոս, հանգստի կազմակերպման` 0.4 տոկոս, հանրային սննդի ծառայությունների սակագների 0.4% տոկոս հավելաճ: Իրավական ու բանկային համակարգի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0.9 տոկոսով, մշակույթի ոլորտինը` 0.5 տոկոսով, իսկ կենցաղային բնույթի, կապի, կրթության համակարգի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության բոլոր քաղաքներում 2013 թ.-ի հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 4.7-5.7 տոկոս հավելաճ, ընդ որում, հավելաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 4.9 տոկոսով։