Մշակույթի նախարարությունն առաջարկում է պետական խորհրդանշանների օր սահմանել հուլիսի 5-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը կքննարկի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել ՀՀ պետական խորհրդանշանների օր և այն ընդունել որպես պետական տոն: Նախագիծը հավանության արժանանալու դեպքում կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, նշված նախգիծն ընգրկված է գործադիրի հուլիսի 4-ի նիստի օրակարգում: «ՀՀ պետական խորհրդանշանների օրն ընդունելը ենթադրում է պետականամետ աշխարհայացք ունեցող քաղաքացու դաստիարակություն, որը կդրսևորվի հայրենիքի, հասարակության բարօրությանն ուղղված պատասխանատվության զգացումով, ինչպես նաև պետությանը գիտակցված ծառայելու պատրաստակամությամբ:

Տոնական օրվա ընտրությանն առավել քան համապատասխանում է Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ը: 2010-2012 թվականներին իրականացված ՀՀ պետական խորհրդանշանների տոնական միջոցառումները, մասնավորապես` կազմակերպվող տոնական քայլերթերը, թողարկվող սոցիալական-տեղեկատվական տեսահոլովակները /վավերագրական, անիմացիոն-գրաֆիկական/ ապացույցն են այն բանի, որ դրանք հասարակության համար դարձել են ավանդական ու սպասված»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

ՀՀ պետական խորհրդանշանների տոնական օր սահմանելու նպատակն է` պետական խորհրդանշանների (Հայաստանի Հանրապետության զինանշան, Հայաստանի Հանրապետության դրոշ, Հայաստանի Հանրապետության օրհներգ) բովանդակության նպատակային պահպանումը և տարածումը, պետականության նկատմամբ հարգանքի արմատավորումը, քաղաքացիական հասարակության ձևավորումը, ազգային ինքնության պահպանումը, ազգային պետական խորհրդանիշների հանրահռչակման միջոցով սփյուռքում ապրող հայության ինքնության ամրապնդումը:

Հայերեն English