Մշակույթ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կանցկացվի «Հարություն Կալենց. գունապնակի հակառակ կողմը» ցուցադրությունը

2 րոպեի ընթերցում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կանցկացվի «Հարություն Կալենց. գունապնակի հակառակ կողմը» ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հունիսի 27-ին` ժամը 19:00-ին, «Հանդիպում արվեստի հետ» շարքում ներկայացնում է «Հարություն Կալենց. գունապնակի հակառակ կողմը» միջոցառումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԳԱԿ-ի Հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը:

Միջոցառումը նվիրված է հայ մեծանուն գեղանկարիչ Հարություն Կալենցի արվեստին և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նորաբաց «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցադրությանը, որը ներկայացնում է գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ընտրանի «Կալենց» թանգարանից:

Ծրագրում կներկայացվի ցուցադրության դիտում կենտրոնի «Արծիվ» սրահում:«Հարություն Կալենց. գունապնակի հակառակ կողմը» թեմայով բանախոսությամբ հանդես կգա ԳԱԿ հանրային ծրագրերի գծով փոխտնօրենի համադրող-օգնական, արվեստագիտության թեկնածու Արմեն Եսայանցը: Միջոցառման շրջանակներում կլինի նաև հյուրասիրություն:

«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, անցկացնում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է մեկ միլիոնը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում