Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը տոնում է հիմնադրման 21-ամյակը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՍԾՏՀ) դառնում է 21 տարեկան:

1992թ. հունիսի 25-ին Ստամբուլում հրավիրվեց գագաթնաժողով, որի արդյունքում Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները հռչակագիր ստորագրեցին Սևծովյան տնտեսական համագործակցության հիմնադրման մասին: 1999-ի մայիսի 1-ին ՍԾՏՀ կանոնադրության ընդունումից հետո այն վերածվում է լիիրավ կազմակերպության:

Սերբիան, որպես անդամ, կազմակերպությանը միացավ 2004-ին: ՍԾՏՀ կազմակերպությունը կոչված է տնտեսական համագործակցության միջոցով ամրապնդելու կայունությունը Սևծովյան տարածաշրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կազմակերպության անդամ-երկրների ընդհանուր տարածքը կազմում է մոտ 20 միլիոն քառակուսի կիլոմետր` ընդգրկելով երկու մայրցամաքներում գտնվող Սևծովյան, Բալկանյան և Կովկասյան տարածաշրջանները`350 միլիոն բնակչությամբ: Անդամ-երկրների միջև տարեկան առևտրի ծավալը կազմում է ավելի քան 300 միլիարդ ԱՄՆ դոլար: Անդամ-երկրները նախագահությունy ստանձնում են վեց ամիս ժամկետով` ըստ այբբենական կարգի:

Պարբերաբար գումարվում են նաև գագաթնաժողովներ: ՍԾՏՀ կազմակերպության անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհուրդը որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է: Խորհրդի հանդիպումները գումարվում են տարեկան երկու անգամ` հունիսին և դեկտեմբերին, անհրաժեշտության դեպքում կայանում են նաև հատուկ կամ ոչ-պաշտոնական հանդիպումներ: ՍԾՏՀ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն կամ դրա հետ համագործակցում են 2 տասնյակից ավելի երկրներ ու միջազգային կառույցներ: 2001-ի օգոստոսից Ստամբուլում գործում է ՍԾՏՀ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչությունը, որը 2010թ. մարտից գլխավորում է Միքայել Վարդանյանը:

1994-ի Ստամբուլում հիմնադրվել է ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարությունը: 2012-ի հուլիսից ՍԾՏՀ կազմակերպության մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղարն է Վիկտոր Ցվիրկունը (Մոլդովա): 1995-ից սկսած ՍԾՏՀ շրջանակում գործում է «Տրոյկայի» ձևաչափը, որն ընդգրկում է նախկին, ներկա և ապագա նախագահող երկրները: Ներկայում «Տրոյկա»-ի անդամներն են Թուրքիան, Ուկրաինան և Հայաստանը: ՍԾՏՀ կազմակերպությունը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում:

Հայաստանը հուլիսի 1-ին պաշտոնապես կստանձնի նախագահությունը ՍԾՏՀ կազմակերպությունում: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 21-ին Օդեսայում ՍԾՏՀ կազմակերպության անդամ-երկրների ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ հանդիպմանը նշեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թևակոխում է իր գործունեության 22-րդ տարին` տնտեսական համագործակցության նոր օրակարգով և Հայաստանն ակտիվ քայլեր է իրականացնում կազմակերպության նոր օրակարգը կյանքի կոչելու ու տարածաշրջանում փոխշահավետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ:

ՀՀ արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը նախաձեռնել է տարածաշրջանային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող «Տեխնոլոգիաների հաղորդակցման համացանց» ստեղծելու վերաբերյալ հայկական նախագծի երկրորդ փուլն, իսկ ՍԾՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա հիմնադրելու ուղղությամբ շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության ընթացքում Երևանում կկազմակերպվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում` «DigiTec 2013» ամենամյա ցուցահանդեսին զուգահեռ: Այդ գործողությունները միտված են տեղեկատվական ու հաղորդակցական ոլորտների աճին ու զարգացմանը տարածաշրջանում:

Էդվարդ Նալբանդյանը շեշտեց նաև, որ Հայաստանը կարևորում է սևծովյան տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ հավելյալ ջանքերի ներդրումը, կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումն ու միջազգային բեմահարթակում նրա հեղինակության ամրապնդումը։ Հայաստանը կարևորում է տրանսպորտի, գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի ու այլ ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

ՍԾՏՀ կազմակերպության անդամ երկրների միջև բազմաթիվ համաձայնագրեր ու հուշագրեր են ստորագրվել: Ընդունվել են կարևոր փաստաթղթեր տարերային աղետների, կազմակերպված հանցավորության ու ահաբեկչության դեմ պայքարի, բեռնափոխադրումների, էներգետիկայի, առևտրի, գյուղատնտեսության, փոքր ու միջին բիզնեսի, մաքսային հարցերի, գիտության ու տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, բնապահպանության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, մշակույթի ու այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Հայերեն English