ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը հունիսի 19-ին հանդիպել է Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների Կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության գերակայություններին, մասնավորապես` տեղական ժողովրդավարությանն առնչվող հարցերը: Երկուստեք կարեւորվել է այն հանգամանքը, որ Հայաստանը Եվրոպայի Խորհրդի նախորդ եւ հաջորդ նախագահությունների հետ սահմանել է համատեղ գերակայություններ, որոնց թվում տեղ է գտել տեղական ժողովրդավարության զարգացման հարցը:
Անդրադառնալով նախորդ օրը Երեւանում կայացած ԵԽ Կոնգրեսի բյուրոյի նիստին՝ Հերվիգ Վան Շտաան շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին այն Երեւանում հյուրընկալելու եւ լավագույնս կազմակերպելու համար: Կոնգրեսի նախագահը նաեւ կարեւորել է նույն օրը մեկնարկած «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային կոնֆերանսի անցկացումը՝ նշելով թեմայի կարեւորությունը եվրոպական հասարակությունների համար:
Նախարարի տեղակալը եւ ԵԽ Կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու տեղական մակարդակում ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ։ Կոնգրեսի նախագահի խնդրանքով Նախարարի տեղակալն անդրադարձել է Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային խնդիրներին: