ՀՀ ԱԳ նախարարին հավատարմագրերի պատճենն է հանձնել Իրաքի նորանշանակ դեսպանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրաքի հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել նրան առաքելության մեջ և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Իրաքի միջև գոյություն ունեցող պատմական և ավանդական, բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը: ԱԳ նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելությունները և միմյանց մայրաքաղաքներում դեսպանությունների վերաբացումը նոր լիցք են հաղորդել հայ-իրաքյան հարաբերություններին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Խալեդը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։ Նա հավելել է, որ Իրաքը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնումը և խորացումը, ինչպես նաև ընդգծել իրաքահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման և բարգավաճման գործում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, Իրաքում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին: