2 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրակ» ֆուտբոլային ակումբն ընդունել է Թբիլիսիի «Դինամո արենա» մարզադաշտի պատասխանատուների ներողությունը «Շիրակ»-«Դինամո» ընկերկան խաղից հետո տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: «Արմենպրես»-ի թղթակցիհետ զրույցում «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի խոսնակ Աննա Թադեւոսյանը նշեց, որ հայկական ակումբը միեւնույն ժամանակ հույս է հայտնել, որ «Դինամո»-ն կանի ամեն ինչ, որ այլեւս նման բան չկրկնվի: «Չեմպիոնների որակավորման երկրորդ փուլում, որի վիճակահանությունը կկայանա հունիսի 24-ին Շվեյցարիայում, «Դինամո»-ն «Շիրակ»-ի հավանական մրցակիցներից մեկն է եւ ինչպես «Դինամո» ակումբն, այնպես էլ «Շիրակ»-ը պետք է անեն այնպես, որ նման բան չկրկնվի»,- նշեց Աննա Թադեւոսյանը:
«Դինամո»-»Շիրակ» ընկերական հանդպումը տեղի էր ունեցել հունիսի 17-ին՝ Թբիլիսիի «Դինամո արենա» մարզադաշտում: Խաղի ավարտից հետո, որն ավարտվել էր ընկերական՝ 1:1 հաշվով, վրացի երկրպագուներն աղմկելով շարժվել էին «Շիրակ»-ի երկրպագուների ուղղությամբ, նետել շշեր, կեղտոտել թիմի երկրպագուների միկրոավտոբուսի ապակիները: Միջադեպն հնարավոր է եղել հարթել ոստիկանների եւ մարզադաշտի անվտանգության աշխատակիցների միջամտության շնորհիվ, իսկ հունիսի 19-ին «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ Թբիլիսիի «Դինամո արենա»-ի մամուլի պատասխանատու Մամուկա Կվարցխելիան ափսոսանք էր հայտնել միջադեպի առնչությամբ եւ անձամբ իր անունից ներողություն խնդրելով հույս հայտնել, որ հայ երկրպագուներն ըմբռնումով կմոտենան այդ թյուրիմացությանը: