Մշակույթ

Հայաստանն «Անսի» փառատոնի կինոշուկայում ձեռք է բերել հեռանկարային մի շարք պայմանավորվածություններ

3 րոպեի ընթերցում

Հայաստանն «Անսի» փառատոնի կինոշուկայում ձեռք է բերել հեռանկարային մի շարք պայմանավորվածություններ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան պատվիրակությունն արդեն վերադարձել է ֆրանսիական Անսի քաղաքում հունիսի 10-15-ն անցկացվող անիմացիոն ֆիլմերի միջազգայինփառատոնի կինոշուկայից: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» մուլտիպլիկացիոն ստուդիայի նախագահ Դավիթ Սահակյանցը պատմեց, որ Հայաստանը նախորդ տարվա նման կինոշուկայում ներկայացել էր սեփական տաղավարով` «Ռեանիմանիա» փառատոնի հետ միասին, եւ ձեռք է հեռանկարային մի շարքպայմանավորվածություններ:

«Հետաքրքրություն ներկայացրեց Հայկ Սահակյանցի Quantum jump կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը, ինչպես նաեւ «Անահիտ» լիամետրաժ անիմացիոնմուլտֆիլմի նախնական տարբերակը: Չինական կողմից առաջարկ է արվել թարգմանել մուլտֆիլմը չինարեն` այն ավարտելուն պես»,- նշեց Սահակյանցը: Չինաստանի ներկայացուցչին գրավել է նաեւ «Անահիտ» հեքիաթի նախագիծը անիմացիոն տարբերակի վերածելու եւ ավանդական մուլտիպլիկացիոն մեթոդով այն ստեղծելու ընթացքը:

«Հայկական տաղավարը այցելուներին առաջին հերթինգրավում է այն բանի համար, որ մենք այն քիչ թվով ստուդիաներից ենք աշխարհում, որ դեռ աշխատում են թանկ եւ ժամանակատար մուլտիպլիկացիայի ավանդական տեսակով` ձեռքով, եւ անցում չենք կատարել գրաֆիկայի»,- պարզաբանեց Սահակյանցը: 2013 թվականի վերջին պատրաստ կլինի «Անահիտ»-ի 80-րդ րոպեն, 2014 թվականին այն կավելանա եւս 5 րոպեով, եւ նույն տարում կմեկնարկեն դրա մոնտաժային եւ այլ աշխատանքները: Ամենայն հավանականությամբ ստուդիայի սպասված արտադրանքը կներկայացվի մեծ եւ փոքր հանդիսատեսի դատին 2015 թվականի սկզբին:

«Անսի» փառատոնում հայկական կողմը պայմանավորվածություններ է ձեռք բերել ներկայացնել հայկական մուլտֆիլմերի պանորամա եւ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյացի աշխատանքների ռետրոսպեկտիվ ցուցադրությունն Արգենտինայում:

Սահակյանցի գնահատմամբ` կինոշուկային մասնակցությունը հնարավորություն տվեց այցելուներին տեղեկանալ հայկական մուլտիպլիկացիայի գոյության մասին, որովհետեւ շատերը հայկական արտադրանքը վերագրում էին խորհրդային արտադրությանը եւ Հայաստանի համար նման փառատոնի մասնակցելն արդեն իսկ մեծ նվաճում է:

Մուլտիպլիկատորը նշեց, որ այս տարի առավել մեծ էր ուշադրությունը լիամետրաժ, քան կարճամետրաժ ֆիլմերի նկատմամբ:

«Մինչ 2013-ի ավարտը կամ 2014 թվականի սկիզբը կընթանան բանակցություններ կողմերի հետ»,- տեղեկացրեց նա:

«Անսի»-ն աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից է: Այն ստեղծվել է որպես Կաննի կինոփառատոնի մի մաս, այնուհետեւ` 1960-ից սկսել է գործել որպես առանձին կինոփառատոն: Անիմացիոն ֆիլմերին նվիրված այս փառատոնն ամեն տարի կազմակերպվում է հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում. մասնակցում են շուրջ 6-7 հազար մասնագիտացած անիմատորներ եւ մոտ 400 լրագրողներ` աշխարհի տարբեր անկյուններից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում