Ես ամեն ինչ կանեմ` նրան մեր թիմում պահելու համար. «Շախտյոր»-ի գլխավոր տնօրենը` Հենրիխ Մխիթարյանի մասին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինն անդրադարձել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին շրջանառվող լուրերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական Известия թերթին տված հարցազրույցի ժամանակ Պալկինն ասել է, որ ինքը «Լիվերպուլ»-ի ներկայացուցիչներից ոչ մեկի հետ չի շփվել Մխիթարյանի տրանսֆերի հարցով: «Գիտեք, Հենրիխի տեղափոխության մասին տարբեր լուրեր են շրջանառվում, սակայն պետք է ասեմ, որ ես ամեն ինչ կանեմ նրան մեր թիմում պահելու համար»,- ասել է նա:
Դոնեցկյան ակումբի գլխավոր տնօրենը նշել է, որ Մխիթարյանը կարեւոր ֆուտբոլիստ է իր թիմի համար, սակայն իրենք պատրաստ են լսել նրա տրանսֆերի վերաբերյալ բոլոր առաջարկները: «Մենք արդեն կորցրել ենք Ֆերնանդինյոյին եւ Վիլիանին, ովքեր կարեւոր խաղացողներ էին եւ շուտով նրանց եւ հնարավոր է նաեւ Հենրիխին փոխարինողների հրավիրենք թիմ»,-ասել է նա:
Մի շարք անգլիական եւ միջազգային ԶԼՄ-ներ վերջին շրջանում տեղեկացնում են, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպանը տեղափոխվի «Լիվերպուլ»: Ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիացիները պատրաստ են վճարել 22 միլիոն ֆունտ ստերլինգ: