Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ ԱԺ կառավարության ներկայացուցիչների հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին այցելել է հանրապետության հարավ-արեւելյան հատված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բակո Սահակյանն այնտեղ ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել` ԱԺ ու կառավարության ներկայացուցիչների, մի շարք ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության հարավ-արեւելյան թեւի պաշտպանական համակարգի ամրապնդման, գյուղատնտեսության, հեռահաղորդակցության եւ շինարարության ոլորտների զարգացմանը, ճանապարհաշինությանն առնչվող հարցեր:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Նախագահ Սահակյանն ընդգծել է հարավ-արեւելյան թեւի զարգացման կարեւորությունը` նշելով, որ այն ունի բոլոր նախադրյալներն ամբողջ հանրապետության տնտեսության առաջընթացի շարժիչը դառնալու համար:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել կառավարությանն աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: