Ժնևում սփյուռքի հարցերով համաժողովին Հրանուշ Հակոբյանը թուրք պատվիրակությանը հիշեցրել է Ցեղասպանության փաստը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում շարունակվում է Միգրացիայի Միջազգային կազմակերպության կողմից «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսության»(ՄՄԵ) շրջանակներում Սփյուռքի հարցերով նախարարական համաժողովը, որին մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Սփյուռքի նախարարությունից, ավելի քան 60 երկրի ներկայացուցիչներ իրենց մասնակցությունն են բերել այդ բացառիկ միջոցառմանը:
Բացման խոսքով հանդես է եկել ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն, դեսպան Վիլիամ Լեյսի Սվինգը: Ողջունելով մասնակիցներին՝ նա կարևորել է նախարարական առաջին համաժողովի գումարումը այսպիսի մակարդակում, սփյուռք ունեցող եկրկների միջև փորձի փոխանակումը, երկխոսության ձևավորումն ու հարաբերությունների զարգացումը:
Համաժողովի ընթացքում քննարկումներ են ծավալվել 3 հիմնական ուղղություններով` «սփյուռքները և հասարակությունները», «սփյուռքները և պետությունները», «սփյուռքները և զարգացումը»:
ՀՀ սփյուռքի նախարարը հանդես է եկել ելույթով «Սփյուռքները և պետությունները» քննարկման ընթացքում: Նա ներկայացրել է սփյուռքների առաջացման հիմնական պատճառները՝ պատերազմներ, հասարակական և տնտեսական ճգնաժամեր, բնակչության տեղաշարժեր աշխատանքի նպատակով, գլոբալացվող աշխարհ և այլն, ինչպես նաև անդրադարձել է հայկական Սփյուռքի առաջացման կարևորագույն պատճառին` Հայոց ցեղասպանությանը:
Իր ելույթում Հրանուշ Հակոբյանը հատկապես կարևորել է պետություն-սփյուռք հարաբերությունների զարգացման քաղաքականությունը, նրա իրականացման կառուցակարգերը, ինչպես նաև ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից մշակվող և իրականացվող ծրագրերը: Անդրադառնալով սփյուռքի հսկայական ներուժին, վերջինիս ազդեցությանը ինչպես ընդունող, այնպես էլ ծագման երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի վրա՝ նախարարը ողջունել է միջազգային մակարդակում սփյուռքներին վերաբերող խնդիրների քննարկումը և հույս հայտնել, որ դրանք կդառնան պարբերական, կգտնվեն ընդհանրական լուծումներ, կձևակերպվեն սփյուռքների իրավունքներն ու պարտականութունները վերպետական, միջպետական, ներպետական և Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում, ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերում և կառուցակարգերում: Նա կոչ է արել միջազգային հանրությանը նպաստել հասարակություններում սփյուռքների ինտեգրմանը մշակութային երկխոսության միջոցով` հաշվի առնելով ազգային, կրոնական տարբերությունները, ավանդույթներն ու սովորույթները: Նախարարի՝ ՄԱԿ-ի կողմից սփյուռքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ առաջարկը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների շրջանում, որոնք էլ առաջարկել են մշակել նախագիծ` հետագայում այն ՄԱԿ ներկայացնելու ակնկալիքով:
Համաժողովին մասնակցող թուրքական պատվիրակությունը նախարարի ելույթից անմիջապես հետո փորձել է պատասխանել նախարարին` անդրադառնալով Հայոց Ցեղասպանության փաստի պատմական իրողության ուսումնասիրման անհրաժեշտությանը, հիշեցնելով 2009 թ. ստորագրված արձանագրությունների մասին: Հրանուշ Հակոբյանը ՀՀ պատվիրակության անունից հակադարձել է թուրքական պատվիրակությանը` նշելով, որ ուրախ է, որ Հայոց ցեղասպանության հիշատակումը գտավ դահլիճում իր հասցեատիրոջը: Նա կրկին անգամ շեշտել է, որ հայկական Սփյուռքը Թուրքիայի կողմից կատարված Հայոց ցեղասպանության հետևանք է և կարծում է, որ Թուրքիայի պատվիրակը այս հարցում որևէ կասկած չունի, և կգա մի օր, երբ Հայոց ցեղապանությունը ի վերջո կճանաչվի: