Վրացական ակումբն ափսոսանք է հայտնել «Շիրակ»-ի հետ խաղից հետո տեղի ունեցած միջադեպի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական «Դինամո» ակումբի մամուլի պատասխանատուն պաշտոնապես ափսոսանք է հայտնել «Շիրակ»-ի հետ ընկերական հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի համար: «Ոչ միայն ակումբը, այլ նաեւ երկրպագուները եւ լրագրողները եւ ընդհանրապես բոլորը ցավում են տեղի ունեցածի համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Դինամո Արենա» մարզադաշտի մամուլի պատասխանատու Մամուկա Կվարացխելիան՝ նշելով, որ հայերը եւ վրացիները բարեկամներ են եւ նրանց մասնակցությամբ ցանկացած խաղի ժամանակ նման դեպքեր չպետք է տեղի ունենան: Նա հավելեց, որ այդպիսի դեպքերում երկու կողմերի երկրպագուներն էլ պետք է միասնական լինեն եւ աչքի ընկնեն միայն իրենց թիմերին երկրպագելով: «Սպորտային խաղերի ժամանակ բոլոր հակամարտությունները պետք է տեղի ունենան միայն մարզադաշտում եւ ոչ դրանից դուրս»,-ասաց նա: Կվարացխելիան հույս հայտնեց, որ հայ երկրապագուները ըմբռնումով կմոտենան տեղի ունեցած ցավալի թյուրիմացությանը եւ անձամբ իր անունից հայցեց նրանց ներողամտությունը:

Մամուկա Կվարացխելիան նշեց, որ թյուրըմբռնումը տեղի է ունեցել այն պատճառով, որ վրացի երկրպագուները հայ երկրպագուների ոգեւորող «թասիբով» վանկարկումն ընկալել են որպես «Ռոսիա»: «Նույնիսկ եթե հայերը «Ռոսիա» վանկարկեին, մեր երկրպագուներն իրավունք չունեին իրենց նման կերպ պահել: Հայերը մեր եղբայրներն են, եւ մեր որոշ երկրպագուների նման պահվածքն անթույլատրելի էր: Իսկական երկրպագուն երբեք կռիվ չի հրահրի»,-ասաց նա:

«Դինամո»-«Շիրակ» ընկերական հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 17-ին, Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում: Խաղի ավարտից հետո (1-1) վրացի երկպագուները աղմկելով շարժվել են «Շիրակ»-ի երկրպագուների ուղղությամբ, նետել շշեր, մրգերով եւ հյութերով կեղտոտել են թիմի երկրպագուների միկրոավտոբուսի ապակիները: Միջադեպը հնարավոր է եղել հարթել ոստիկանների եւ մարզադաշտի անվտանգության աշխատակիցների միջամտության շնորհիվ:

Հայերեն English Русский