Հայաստանում հաջորդ շաբաթ կհայտարարվի տեղական ավիափոխադրող ընկերությունների մրցույթ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաջորդ շաբաթ կհայտարարվի տեղական ավիափոխադրող ընկերությունների մրցույթ: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը: «Մրցույթի կազմակերպման աշխատանքները ընթացքի մեջ են, պատրաստվում են համապատասխան փաստաթղթերը, եկող շաբաթ կտրվի մրցույթի մեկնարկը»,-ասաց Նելլի Չերչինյանը` միաժամանակ ընդգծելով, որ այս պարագայում ճիշտ չէ գործածել «ազգային ավիափոխարող» տերմինը, որն այլ չափանիշներ է իր մեջ պարունակվում: «Իսկ սաերեք ուղղություններով տեղական ավիաընկերություններ ընտրելու մրցույթ է»,-նշեց Չերչինյանը:
ՀՀ կառավարությունը հունիսի 6-ի նիստում ընդունել էր փուլային տարբերակով օդային փոխադրումների ազատականացմանն անցում կատարելու ռազմավարությունը, որով նախատեսվում էր ոլորտում ունենալ առնվազն 3 հայկական ավիաընկերություններ, որոնք կընտրվեն մրցութային տարբերակով: Այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով շուկայի ազատականացման, ՀՀ ազգային անվտանգության և տնտեսության վրա ներգործելու տարբերակներում առկա դրական և բացասական հնարավոր հետևանքները: Այսպիսով` Հայաստանի ընդունած «բաց երկնքի» քաղաքականությունը մեր երկրի տնտեսության, մրցակցության ապահովման, ծառայությունների մատուցման հարցերում կունենա դրական ազդեցություն: Միաժամանակ, պետությունը որևէ ավիաընկերության նկատմամբ հովանավորչական պարտավորություններ չի ստանձնելու: Որոշվել էր, որ օդուղիներն ավիաընկերություններին տրամադրվելու են մրցույթներով, հնարավոր է՝ նույն օդուղու վրա աշխատի նաև երկու ավիաընկերություն: Չի բացառվում, որ հայկական ավիաընկերությունները, որոնք գործունեություն են ծավալելու, առաջնային կերպով օգտվելու են սնանկության մասին հայտարարած «Արմավիա»-ի կադրային ռեզերվից: «Արմավիա»-ն ապրիլի 1-ից դադարեցրել էր չվերթները։