Քաղաքականություն

ԼՂ հարցով հայտարարությունը վերահաստատում է հակամարտության կարգավորման համար ՄԽ եզակի ձևաչափը. Արմեն Աշոտյան

3 րոպեի ընթերցում

ԼՂ հարցով հայտարարությունը վերահաստատում է հակամարտության կարգավորման համար ՄԽ եզակի ձևաչափը. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների` հունիսի 18-ին արած հայտարարությունը վերահաստատում է Մինսկի խմբի եզակի ձևաչափը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Երկար ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը և իր շահերը սպասարկող մի շարք միջազգային փորձագետներ ու ատյաններ փորձում են Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության հարց բարձրացնել: Ակնհայտ է, որ երեկվա հայտարարությամբ այս թեման բարձրագույն մակարդակով ամբողջությամբ փակված է նաև համանախագահող երկրների կողմից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Աշոտյանը:

Նրա կարծիքով` այս հայտարարությունը ենթակա է մի շարք շեշտադրումների արժևորման: Եվ դրանցից մեկն այն է, որ ադրբեջանական գազանավթային շանտաժի արտաքին քաղաքականությունը ձախողվում է ոչ միայն գլոբալ էներգետիկ համաշխարհային զարգացումների պատճառով, այլ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում իջել է օրգանական վառելիքի արտահանման և մշակման ծավալները:

«Համանախագահների հայտարարությունը լրացուցիչ կարևորություն է ստանում Հարավային Կովկասի տարածաշրջանում, որի միակ նպատակն ու կարևորությունը միայն էներգակիրների խնդիրը չէ: Տարածաշրջանն ունի ավելի մեծ ազդեցություն գլոբալ քաղաքականության մեջ, և այնտեղ Իրանի ու Սիրիայի ընդհանուր զարգացումների համատեքստում կայունությունն ու խաղաղությունը պարտադիր պայման են»,-նշեց նախարարը` հավելելով, որ այս հայտարարությունը հերթական ահազանգ պետք է լինի ադրբեջանական իշխանությունների համար հատկապես Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների նախաշեմին` չմոռանալով Ադրբեջանում կտրուկ հետընթացը քաղաքական ու քաղաքացիական իրավունքների տեսակետից:

Հունիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել, որում նշվում է, թե ցավում են այն առիթով, որ հակամարտության կողմերը մինչ այժմ չեն կարողացել բանակցությունների գործընթացի արդյունքում գտնել խնդրի լուծումը: Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան համոզմունք են հայտնել, որ հայտարարությունները, որոնցով իրենք այս հարցի առնչությամբ հանդես են եկել վերջին 4 տարիներին, պետք է դառնան ԼՂ հակամարտության արդար և կայուն կարգավորման հիմքը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում