Տարածաշրջանային

Գերմանիան եւ Հոլանդիան առկախել են Թուրքիայի` ԵՄ անդամակցության բանակցությունները

4 րոպեի ընթերցում

Գերմանիան եւ Հոլանդիան առկախել են Թուրքիայի` ԵՄ անդամակցության բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Թաքսիմ հրապարակում եւ Գեզի այգում ցուցարարների դեմ ոստիկանության անհամաչափ ուժ կիրառվելու հետ կապված Գերմանիան եւ Հոլանդիան վետո են դրել Թուրքիայի` Եվրամիության անդամակցության բանակցություններին: Իրենց զարմանքն ու զայրույթը չթաքցրած եվրոպական այս երկրներն առկախել են ԵՄ բանակցություներում հունիսի 26-ին ծրագրված` «Տարածաշրջանային քաղաքականություններ» խորագրով բաղադրիչը բացելը: ԵՄ անդամ այդ երկու երկրները հայտարարել են, որ Թուրքիայի հետ բանակցությունները կարող են շարունակվել եւ որոշ խորագրեր քննարկվել այդ երկրում ընթացող զարգացումներից ելնելով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը` նշելով, որ Թուրքիայի հետ ԵՄ բանակցություններում «Տարածաշրջանային քաղաքականությունների» խորագրով բաղադրիչը բացելու շուրջ ԵՄ դեսպանների մակարդակով քննարկումները ծրագրված էր հունիսի 19-ին` ԵՄ մշտական ներկայացուցիչների հանձնաժողովում:

Հայտնի է դարձել, որ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունն (CDU) ու նրա կրտսեր գործընկեր «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցությունը (CSU) սեպտեմբերի 22-ին ընտրական ծրագրում վճռականորեն դեմ են հանդես գալու Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը: Անգելա Մերկելը CDU/CSU-ի ընտրական ծրագրից անգամ հանել է Թուրքիայի հետ «արտոնյալ գործակցություն» իրագործելու վերաբերյալ նախկինում արած իր առաջարկը: Նշվում է, որ «Եվրամիությանն անդամակցության համար անհրաժեշտ չափանիշները չիրագործելու պատճառով դեմ են Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցությանը: «Իր մեծության եւ տնտեսական կառուցվածքի պատճառով այդ երկիրը մեծ բեռ կդառնա Եվրամիության համար»,- նշված է փաստաթղթում:

Չնայած Գերմանիայում պաշտոնապես 2,7 մլն թուրքեր են բնակվում, եւ սեպտեմբերի 22-ին տեղի ունենալիք Բունդեսթագի ընտրություններում գերմանական կուսակցությունները ցանկանում են ստանալ թուրքերի քվեները, սակայն CDU-ն գտնում է, որ երկրում բնակվող թուրքերը Թուրքիայի` ԵՄ անդամակցությունից առավել կարեւորում են գործազրկության եւ պահպանողական արժեքների խնդիրների լուծումը:

Գերմանիայի կանցլեր Մերկելը նախորդ օրը գերմանական RTL հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում խստորեն քննադատել էր Թուրքիայում Գեզի այգում ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործադրած բռնաճնշումները: «Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները չեն ներդաշնակվում ցույցերի կամ արտահայտվելու ազատության շուրջ մեր պատկերացումներին», - ասել էր Մերկելը:

Թուրքիայում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ մայիսի 31-ին ոստիկանությունը դաժանորեն ցրել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Գեզի այգու պաշտպաններին, որի ծառերի մի մասը պետք է կտրվեն կառավարության որոշմամբ հրապարակի վերակառուցման շրջանակում: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական ցույցերի, որի մասնակիցները դժգոհություն են հայտնում իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 5 մարդ զոհվել, մոտ 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, հարյուրավոր մարդիկ էլ ձերբակալվել են:

Խնդիրը երկխոսության միջոցով լուծելու մասին թուրքական իշխանություններին կոչով դիմել են Սպիտակ տունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշտոնը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում