4 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ»-ի երկրպագուները չեն ենթարկվել «Դինամո»-ի «ուլտրաս» ֆանատների սադրանքներին ու փորձել են հանգստություն պահպանել Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում հունիսի 17-ին երկու թիմերի ընկերական հանդիպմանը հաջորդած վրացական ֆանատների բիրտ պահվածքից հետո: «Արմենպրես»-ի թղթակցին դեպքի մանրամասներն է ներկայացրել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի խոսնակ Աննա Թադեւոսյանը: Թեեւ հանդիպումն ավարտվել է ընկերական՝ 1:1 հաշվով, ինչ-որ բան չի գոհացրել հարեւան երկրի այսպես կոչված «ուլտրաս» ֆանատներին: Ի տարբերություն սովորական երկրպագուների վերջիններս դրսեւորել են ագրեսիվ վարքագիծ: Ողջ խաղի ընթացքում «Դինամո»-ի սովորական ֆան ակումբի անդամները նորմալ հետեւել են խաղին: Խաղի ավարտից 2 րոպե անց ֆանատներն աղմկելով շարժվել են «Շիրակ»-ի երկրպագուների ուղղությամբ, նետել շշեր, մրգերով եւ հյութերով կեղտոտել թիմի երկրպագուների միկրոավտոբուսի ապակիները: Միջամտել են ոստիկանները:
«Մերոնք այդ «սադրանքներին» չեն ենթարկվել: Ոստիկանները մեր երկրպագուներին ուղեկցել են նախ VIP տարածք, այնուհետեւ, երբ կրկին «ուլտրաս»-ները փորձել են հետեւել մեզ, կրկին միջամտել են իրավապահ մարմիններ, մերոնց ուղեկցել մինչեւ ավտոբուս, իսկ ողջ ճանապարհին ավտոբուսն ուղեկցում էր ճանապարհային ոստիկանությունը: Բարեբախտաբար, վիրավորներ չեն եղել»,-նշեց Աննա Թադեւոսյանը:
Դեպքի առթիվ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական ներողություն չի ստացել: «Մարզադաշտի աշխատակիցները, «Դինամո» ակումբի անդամները եւ ոստիկանությունը բանավոր ներողություն խնդրեցին, բայց, մինչ այս պահը, մենք պաշտոնական որեւէ բան չենք ստացել»,-նշեց Աննա Թադեւոսյանը:
«Սա ընկերական հանդիպում էր, եւ ոչ մեկը չէր սպասում նման արձագանքի, առավել եւս, երբ ոչ մի արտառոց բան տեղի չէր ունեցել եւ խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Վրացական կայքերից մեկում, մեկնաբանությունների մեջ կա այսպիսի մի պարզաբանում, թե մենք խաղի ընթացքում գոռացել ենք «Ռոսիա», բայց դա այդպես չի եղել, ինչու պետք է լիներ: Ենթադրում եմ՝ մեր գոռացած «թասիբով» բառն են այդպես ընկալել, որից հետո նրանք սկսեցին «Ադրբեջան» վանկարկել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ իրավապահ մարմինները եւս ճիշտ չգործեցին՝ պետք է մեզ պահեին անվտանգ վայրում մինչ ֆանատների հեռանալը, ոչ թե տեսնելով, որ երկրորդ անգամ են վերջիններս փորձում մեզ մոտենալ, նոր ուղեկցեցին ավտոբուս, իսկ դրանից հետո ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ մինչեւ քաղաքից դուրս: Համենայն դեպս, մեր ոստիկաններն այդպես չէին վարվի»,-»Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Շիրակ»-ի երկրպագու Արթուր Մելիքյանը:
«Շիրակ»-ի խաղին հետեւելու համար Թբիլիսի էր մեկնել 50 երկրպագու, եւս 50-ը միացել էր հայկական համայնքից: