Հովիկ Աբրահամյանն ու ՌԴ նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, դեսպանը հավաստիացրել է խորհրդարանի նախագահին, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա խորացմանը :
Շնորհավորելով եւ հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին իր դիվանագիտական առաքելության կատարման մեջ` Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական դաշնակցայինեւ ռազմավարական հարաբերություններն էլ ավելի կխորանան եւ կզարգանան: Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին` նա նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, արդյունավետ աշխատում է միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը: ԱԺ նախագահը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել համակողմանիորեն աջակցել դեսպանին իր առաքելության կատարման ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ: