2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջթանգարանային համագործակցության շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցադրությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գաֆեսճեան արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի ծառայությունից, ցուցահանդեսին կներկայացվի Հարություն Կալենցի ստեղծագործությունների ընտրանին «Կալենց» թանգարանի հավաքածուից:
Ցուցադրությունը մատնանշում է թե՛ արվեստագետի ստեղծագործական փնտրտուքները 1960-ականների շեմին, թե՛ արդեն հստակ ձևավորված լեզուն և թե՛ վերջնական հեռացումը իրականությունից՝ գրեթե վերացական ձևերի մեջ: Գեղանկարներին զուգահեռ ներկայացնելով նկարչի գրաֆիկական տարբեր շարքեր՝ ցուցադրությունը մուտք է բացում դեպի Կալենցի «ստեղծագործական խոհանոցը», որտեղ վարպետը կատարելության էր հասցնում իր ձեռագիրը, նոր ձևեր ու մոտեցումներ փորձարկում և ապա փոխանցում կտավին: «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցահանդեսը ևս մեկ քայլ է Կալենց արվեստագետին հանրության ավելի լայն զանգվածներին: Կալենցի ստեղծած աշխարհը որքան անիրական, նույքան իրական է այնքանով, որքանով գոյություն ունի կտավի մակերեսին և ուղղակի առնչվում է բնության կողմից թելադրվող գլխավոր օրենքներին՝ հավասարակշռություն և ներդաշնակություն: Ինչպես ինքը Կալենցն էր ասում. «Վերջում բոլոր իզմերը կվերանան, կամփոփվեն մեկ ամբողջության մեջ, կդառնան բնություն»:
Ցուցահանդեսը կբացվի հունիսի 20-ին եւ կտևի մինչև 2013թ. սեպտեմբերի 22-ը: