Մինսկի խմբի եռանախագահողները թույլ չեն տալիս Ադրբեջանին կասկածի տակ դնել իրենց միջազգային հեղինակությունը. քաղաքագետ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանություններն իրենց ապակառուցողական կեցվածքով խնդիրներ են ստեղծում ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անկախ պետականությունների, այլև հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ երկրների ու նրանց ղեկավարների համար` կասկածի տակ դնելով նրանց միջազգային հեղինակությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն քանի տարի է` հանդես են գալիս մադրիդյան նորացված սկզբունքների կիրառման անհրաժեշտության դիրքերից, սակայն ակնհայտ է, որ փաստաթուղթը բանակցային գործընթացում տապալվեց և տապալվեց մեկ իրողության պատճառով: 2012 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանը, կազմակերպելով Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը, փաստացի իրավիճակային փոփոխություն մտցրեց բանակցային գործընթացի մեջ, որից հետո մադրիդյան սկզբունքների տրամաբանությունը անընդունելի և անհնար դարձավ»,-նշեց քաղաքագետը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով` Ադրբեջանի կողմից մադրիդյան սկզբունքների տապալման պարագայում նախագահներին ուրիշ ոչինչ չէր մնում, բացի ափսոսանք հայտնելուց, ինչը նրանք արտահայտեցին համատեղ հայտարարության մեջ: «Վերջին տարվա ընթացքում և հատկապես Սաֆարովի արտահանձնումից հետո միջազգային միջնորդների և հայկական դիվանագիտության դիրքերը բավական համահունչ են, այսինքն` չկանրանց կողմից բարձրաձայնվածմի կետ, որին Հայաստանը դեմ է հանդես գալիս և ինչը կարող է կոնֆլիկտ առաջացնել Հայաստանի և միջնորդների միջև: Փոխարենը մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը չի հրաժարվում ռազմատենչ հայտարարություններից, և Ալիևն ամեն հարմար առիթ օգտագործում է պատերազմի սպառնալիք հնչեցնելու համար: Բացի դրանից` նրանք չեն գնում վստահությունը վերականգնող գործընթացների, օրինակ,սահմանիցդիպուկահարների հեռացմանը, կամ խոչընդոտում են Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը` չնայած, որ այն մարդասիրական բնույթ ունեցող ծրագիր է: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված չեն խաղաղ ճանապարհով հակամարտության լուծմանը»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հունիսի 18-ին Հյուսիսային Իռլանդիայում«Մեծ ութնյակ»-ի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան համատեղ հայտարություն են ընդունել` շեշտելով իրենց խորին ափսոսանքը, որ հակամարտության կողմերը բանակցային գործընթացում չեն հասել խնդրի լուծմանը: ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարության վերաբերյալ մեկնաբանությամբ: