ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ողջունում է Պետդեպի մտահոգությունը Թուրքիայում Սեւան Նշանյանի դեմ հալածանքների վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ողջունել է Պետդեպարտամենտի կողմից անհանգստության դրսեւորումը` կապված Թուրքիայի հայազգի քաղաքացի, լրագրող ու բանաստեղծ Սեւան Նշանյանի դեմ այդ երկրի դատարանի ամոթալի մեղադրական եզրակացության հետ:
«Մենք խորապես անհանգստացած ենք ազատ խոսքի արտահայտման համար մարդկանց պատժելու ցանկացած փորձից, այդ թվում` Սեւան Նշանյանի հետ կապված դեպքից: Բոլոր երկրների՝ ներառյալ Թուրքիայի երկարատեւ կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը լավագույնս երաշխավորվում է հիմնարար ազատություններին, հավաքներին ու ասոցիացիաներին աջակցելով: Այդ ազատությունները ծայրահեղ կարեւոր են ցանկացած առողջ ժողովրդավարության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է պետդեպի հայտարարության մեջ:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը շարունակում է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների պատճառով Թուրքիայում հետապնդումների ենթարկվող Սեւան Նշանյանին ԱՄՆ կողմից պաշտպանությանը` տարբեր շահագրգիռ ուժերի հորդորելով միանալ մտավորականի շահերի արժեվորմանը: