Ժնեւյան համաժողովին Հրանուշ Հակոբյանը կարևորել է ՄԱԿ-ի մակարդակով «Սփյուռք» տերմինը սահմանելու հարցը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն, դեսպան Ուիլյամ Լեյսի Սվինգի հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 18-19-ը Ժնևում մասնակցում է «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսության» շրջանակներում կայացող Սփյուռքի նախարարների համաժողովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անդրադարձել է սփյուռքի ու հայրենիքի միջև անխզելի կապի կարևորությանը, ինչպես նաև սփյուռքների՝ հայրենիքի և բնակության երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում նրանց ներգրավվածության ընդլայնմանը: «Մենք ընդունում ենք, որ Սփյուռքը մեր ժամանակների երևույթ է, և որ այն պարզապես ընդհանուր պատմությամբ սփռված մարդկանց կամ համայնքների հավաքականություն չէ: Սփյուռքը մեծ ներուժ ունի տվյալ երկրում ու ամբողջ աշխարհում և, հուսով եմ, որ այս համաժողովը կլինի միջազգային մակարդակով Սփյուռքներին վերաբերող հարցերի լուծման համար սկզբնակետ», - նշել է ՀՀ սփյուռքի նախարարը:

Հրանուշ Հակոբյանը կարևորել է ՄԱԿ-ի մակարդակով «Սփյուռք» տերմինը սահմանելու հարցը: Նախարարն առաջարկել է ՄԱԿ-ի կողմից ստեղծել աշխատանքային խումբ՝ ընդգծելով սփյուռքների իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիա կամ հայտարարություն ընդունելու անհրաժեշտությունը:

Նախարարը խոսել է նաև հայերի հանդեպ 20-րդ դարասկզբին իրականացված Ցեղասպանության, հարյուր տարվա պատմական հիշողության, ինչպես նաև իրավունքների վերականգնման և արդարության հաստատման համար մղվող շարունակական պայքարի մասին՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել և դատապարտել հայերի հանդեպ կատարված ոճիրը, որը նաև ոճիր է մարդկության դեմ՝ ապագայում նման հանցանքներից խուսափելու համար: «Այսօր Սիրիայում քաղաքական անկայունության պատճառով Սիրիայի հայերը ստիպված են թողնել իրենց տները և նորից դառնալ փախստական: Ես կոչ եմ անում ամբողջ միջազգային հանրությանը՝ վերջ դնել ագրեսիային և բռնություններին, ձեռնարկել հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված անհրաժեշտ միջոցները՝ ապագայում մարդկային ողբերգությունները կանխարգելելու համար», - նշել է ՀՀ սփյուռքի նախարարը:

Ժնևում կայացող համաժողովի արդյունքները հիմք կհանդիսանան 2013թ. հոկտեմբերին Նյու Յորքում նախատեսված Միավորված ազգերի կազմակերպության բարձր մակարդակի երկխոսության նախապատրաստական աշխատանքների համար: Համաժողովին մասնակցում են Միգրացիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ պետությունները, միջկառավարական և հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև գիտահետազոտական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

2011թ. մայիսի 26-ին, Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային երկօրյա համաժողովը, որին մասնակցել են Սփյուռք ունեցող 12 երկրների (Հայաստան, Հունգարիա, Հունաստան, Ավստրիա, Արգենտինա, Իտալիա, Հնդկաստան, Լեհաստան, Ֆրանսիա, Չինաստան, Ռումինիա, Լիբանան) համապատասխան պետական մարմինների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ: Երկօրյա համաժողովում քննարկվել էին պետություն-Սփյուռք հարաբերությունների զարգացման ուղիներին առնչվող հարցեր:

Հայերեն English

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

ԿԸՀ-ն վերահաշվարկ կկատարի 86 ընտրատեղամասերում

Ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Նիկոլ Փաշինյան

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով հույսը պետք է միայն ինքն իր վրա դնի. ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից