ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները հատուկ հայտարարություն են ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ/ ԼՐԱՑՎԱԾ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, ցավում են այն առիթով, որ հակամարտության կողմերը մինչ այժմ չեն կարողացել բանակցությունների գործընթացի արդյունքում գտնել խնդրի լուծումը:
«Մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում այն հարցի առնչությամբ, որ կողմերը, փոխանակ փորձելու լուծումներ փնտրել` հիմնված փոխադարձ շահերի վրա, շարունակել են փորձել ստանալ միակողմանի արդյունքներ»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, ասվում է ԼՂ հակամարտության վերաբերյալ 3 երկրների նախագահների ստորագրած համատեղ հայտարարության մեջ:
«Համոզված ենք, որ համընդհանուր խաղաղ կարգավորման բերող նոր հավասարակշռված շրջանակային պայմանավորվածության հասնելու ձգձգումն անթույլատրելի է, եւ կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին թարմացված էներգիայով կենտրոնանալ խնդիրների լուծման վրա, որոնք մինչ այժմ շարունակում են բաց մնալ»,-ընդգծվում է փաստաթղթում:
Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համոզմունք են հայտնել, որ հայտարարությունները, որոնցով իրենք այս հարցի առնչությամբ հանդես են եկել վերջին 4 տարիներին, պետք է դառնան ԼՂ հակամարտության արդար եւ կայուն կարգավորման հիմքը:
«Մենք հաստատում ենք, որ խնդրի կարգավորումը միայն բանակցությունների ճանապարհով կարող է բերել խաղաղության, կայունության եւ հաշտեցման` ստեղծելով նոր հնարավորություններ տարածաշրջանի զարգացման եւ գործակցության համար: Ռազմական ուժի կիրառումը, որի հետեւանքով էլ ստեղծվել է ներկա անկայուն վիճակը, չի կարող լուծել հակամարտությունը: Ռազմական գործողությունների վերսկսումը կբերի աղետալի հետևանքների տարածաշրջանի բնակչության համար եւ կհանգեցնի մարդկային կորուստների, ավերածությունների, փախստականների թվի ավելացման, ֆինանսական հսկա կորուստների:
Մենք միաժամանակ խնդրում ենք զերծ մնալ գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում եւ թեժացնել հակամարտությունը: Ղեկավարները պետք է իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի:
Մեր երկրները պատրաստ են աջակցել կողմերին, սակայն հակամարտությունը լուծելու պատասխանատվությունը մնում է կողմերի վրա:
Մենք վճռականերով հորդորում ենք բոլոր կողմերի ղեկավարներին եւս մեկ անգամ հաստատել իրենց հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքներին»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ:
3 երկրների ղեկավարների կարծիքով` այս դիրքորոշումը պետք է դիտարկվի որպես միասնական ամբողջություն, քանի որ ցանկացած փորձ` առավելություն տալու նշված սկզբունքներից որեւէ մեկին, բացառում է հավասարակշռված լուծման ընդունման հնարավորությանը: