Ստամբուլում Շիշլիի հայկական գերեզմանատունը չի տուժել ցուցարարների ներխուժման արդյունքում. Սարգիս Սերոբյան
3 րոպեի ընթերցում
ՍՏԱՄԲՈՒԼ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում Շիշլիի հայկական գերեզմանատունը ցուցարարների ներխուժման արդյունքում չի տուժել. նրանք փորձել են պատսպարվել գերեզմանատանը` փախչելով իրավապահների բռնություններից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» պարբերականի հայերեն լուրերի խմբագիր Սարգիս Սերոբյանը: Նրա խոսքերով` Շիշլիի պողոտայում հայ կաթողիկե համայնքին պատկանող Շիշլիի գերեզմանատան դիմաց է գտնվում մեծ առևտրային կենտրոն, որի շենքում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել Գեզի այգին ցուցարարներից մաքրելու բռնությունից հետո քաղաքում լայն թափով վերսկսված ակցիայի ժամանակ: «Հետո մարդիկ, շենքից դուրս գալով, ինքնապաշտպանության նպատակով մուտք են գործել գերեզմանատուն, որի դռները բաց են եղել: Գերեզմանատան հայ հսկիչը պատմեց, որ այնտեղ ոչ մի գերեզմանաքարի, անգամ որևէ ծաղկի վնաս չի հասցվել»,- ասաց Սարգիս Սերոբյանը:
Սարգիս Սերոբյանը, անդրադառնալով Ստամբուլում տիրող իրավիճակին, նշեց, որ այն խաղաղ ցուցարարների բողոքն է` ուղղված Թուրքիայի կառավարության և տիրող անօրինականությունների դեմ: Նա նաև հավելեց, որ խժդժություններն ազդում են ինչպես հայերի, այնպես էլ մնացած բոլոր ժողովուրդների վրա, ովքեր ապրում են Թուրքիայում, ու նույնիսկ Թուրքիայից դուրս` աշխարհի տարբեր երկրներում ապրող թուրքերի վրա: «Հայերի նկատմամբ առանձնահատուկ բացասական վերաբերմունք չկա»,-հավաստեց Սերոբյանը:
Նրա խոսքերով` ցուցարարները երիտասարդներ են, ովքեր շատ քիչ վնաս են հասցրել քաղաքին: Նրանք միայն կոտրել են մի քանի դրամատների ապակիները, բայց դրանք կողոպուտներ չեն եղել: «Ցուցարարները «Ակոս»-ի շենք էլ են մտել պաշտպանվելու համար»,-ասաց Սարգիս Սերոբյանը:Այն հարցին` արդյոք ցուցարարների մեջ կան հայեր, «Ակոս»-ի խմբագիրը տեղեկացրեց, որ կան ինչպես հայեր, այնպես էլ քրդեր, ասորիներ և այլ ազգեր, քանի որ այնտեղ պայքարում են անօրեննությունների դեմ:
Բողոքի ակցիաները Թուրքիայում շարունակվում են արդեն 3 շաբաթ: Դրանք սկիզբ են առել բնապահպանական բողոքով, որիպատճառը առեւտրի եւ զվարճանքի կենտրոն կառուցելու նպատակով Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից պատմական Գեզի զբոսայգու ծառերը հատելուկառավարության որոշումն է: Բողոքըհետագայում վերաճեց քաղաքացիական շարժման: Թուրքիայի մեծ քաղաքներում շարունակվող ցույցերի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումներում7 հազար 822 մարդ է վիրավորվել, որոնցից 59-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 5 մարդ զոհվել է, իսկ 11 մարդ կորցրել է իր մեկ աչքը: