ՀԽ անդամը չբացառեց ազգային 3 ավիափոխադրող ունենալու դեպքում տոմսերի գների նվազումը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավիափոխադրումների բնագավառի ազատականացման պայմանները կարող են խրախուսել ազգային երեքավիափոխադրողների մուտքը հայկական շուկա: Այս մասին հունիսի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի անդամ Լեւոն Ղազարյանը:
«Կառավարության նիստում ընդունվեց ռազմավարություն եւ կարևորվեց մեկից ավելի ավիափոխադրողներ լինելու հանգամանքը: Այդ պատճառով կհայտարարվի տենդեր, և ավիաընկերությունները կստանան որոշակի ուղղություններ, կկատարեն իրենց չվերթերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Լևոն Ղազարյանը:
Անդրադառնալով հավանական ընկերություններին, որոնք կարող են հայտ ներկայացնել մրցույթին, Լևոն Ղազարյանը առայժմ նշեց «Յութեր Արմենիա«, «Էյր Արմենիա» ընկերություններին: Նա նաև հավանական համարեց օտարերկրյա ընկերությունների կողմից հայտերի ներկայացումը: «Ավիացիայի բնագավառում ունենք աշխարհահռչակ հաջողակ հայրենակիցներ, հնարավոր է նրանք էլ մասնակցեն: Կարող են ավիաընկերությունը գրանցել Հայաստանում, դառնալ իրավաբանական անձ և մասնակցել մրցույթին: Չէ որ այդ ընկեության կողմից ստացված շահույթը գնալու է Հայաստանի բյուջե»,- նշեց Լևոն Ղազարյանը:
Ազգային ավիափոխադրող ընկերությունների մուտքը հայկական շուկա շարքային ուղևորի համար կարող է շահավետ լինել տոմսերի գնի իջեցման և թույլատրվող ուղեբեռի քաշի ավելացման տեսքով: «Եթե տոմսերի գների իջեցումներ չլինեն, բարձրացումներ չեն լինի հաստատ»,- հավելեց Լևոն Ղազարյանը:
Ավիափոխադրումների ոլորտում հնարավոր ռիսկերի մասին խոսելով` Լևոն Ղազարյանը հավաստեց, որ ոչ մրցունակ ընկերությունները դուրս կմնան շուկայից ավիացիայի բնագավառում 2005 թվականից տեղի ունեցող տեխնոլոգիզացիայի պայմաններում: Հավանական ավիափոխադրողների համար տեխնիկական ծախսերը թեթևացնելու լուծումը Ղազարյանը տեսնում է երեք ընկերությունների կողմից փոխհամաձայնեցմամբ մեկ ընդհանուր ընկերության հիմնման մեջ, որը կզբաղվի ինքնաթիռների տեխնիկական սպասարկմամբ, կզբաղվի եկամտի և ծախսերի հաշվարկով, ռեսուրսների կառավարմամբ և այլն:
«Արմավիա» ավիաընկերությունն ապրիլի 1-ից դադարեցրել է չվերթները, սակայն ինչպես կանխատեսվում էր սնանկացման վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու փոխարեն, ավիաընկերությունն առողջացման ծրագիր է առաջարկել Հանրային խորհրդին: Հանրային խորհուրդը քաղավիացիայի ապագայի հետ կապված առաջարկներով արդեն դիմել է կառավարությանը: