Հենրիխ Մխիթարյանը դեռ Հայաստանում է եւ չի մեկնաբանում տեղափոխման լուրերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռեւս Հայաստանում է: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը: «Հայազգի ֆուտբոլիստը դեռ չի մեկնել Լիվերպուլ, բայց եւ չի մեկնաբանում իր` անգլիական հեղինակավոր «Լիվերպուլ» ակումբ տեղափոխվելու լուրերը»,-ասաց Իսրայելյանը:
Ավելի վաղ «Արմենպրես»-ը տեղեկացրել էր, որ Ուկրաինական «Շախտյոր»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա օրերին բուժզննում կանցնի անգլիական «Լիվերպուլում»։ «Մխիթարյանը շտապ կմեկնի Անգլիա։ Լիվերպուլը պայմանագրի ստորագրման մասին պաշտոնապես կհայտարարի շաբաթվա վերջին։ Ուկրաինայի լավագույն հարձակվողի տրանսֆերային գումարը կկազմի մոտավորապես 30 միլիոն եվրո»,-գրել էր «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի ազգային առաջնության ռեկորդակիր ֆուտբոլիստ է: 2012/13 մրցաշրջանի ընթացքում դարձել է 25 գոլի հեղինակ: Վերջինս «հանքափորների» կազմում նվաճել է Ուկրաինայի գավաթը եւ դարձել առաջնության հաղթող: