ՀՀ վարչապետը հերքել է Կենտրոնական բանկի կապը «Նաիրիտ»-ի ու «Ռայնովիլ»-ի միջեւ կնքված գործարքների հետ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը կապ չի ունեցել «Ռայնովիլ փրոփըրթի լիմիթիդ» ընկերության ու «Նաիրիտ» արհեստական կաուչուկի գործարարանի գործարքների հետ: Այդ մասին,«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն՝ անդրադառնալով «Նաիրիտ» գործարանում պետական միջոցների խոշոր չափերի հափշտակումների ու մսխումների մասին խոսակցություններին` մասնավորապես այն բանին, թե իբր «Ռայնովիլ փրոփըրթի լիմիթեդ» ընկերությունը Կենտրոնական բանկից նվեր է ստացել «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը, որից հետո այդ ընկերությունը քիմիական գործարանի բաժնետոմսերը գրավ է դրել ԱՊՀ միջպետական բանկում, ստացել 70 միլիոն դոլարի վարկ, որից միայն 39 միլիոնն է մուտքագրել ՀՀ պետբյուջե՝ մնացածը հափշտակելով:
Տիգրան Սարգսյանն այդ ժամանակ եղել է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի ռոտացիոն նախագահը: ՀՀ վարչապետը պարզաբանեց, որ երբ որոշ առետրային բանկեր սնանկացել են, «Նաիրիտ»-ի նրանց բաժնետոմսերն անցել է ՀՀ կենտրոնական բանկին, որն էլ դրանք նվիրաբերել է ՀՀ կառավարությանը: Կառավարությունը, բանակցություններ վարելով բազմաթիվ ներդրողների հետ, պայմանագիր է կնքել «Ռայնովիլ» ընկերության հետ: «Ընկերությունը ստանձնել է պարտավորություններ ներդրումներ անելու վերաբերյալ եւ այդ ներդրումների իրականացման գործընթացում եղել են պրոբլեմներ, խոչընդոտներ եւ նրան չի հաջողվել ամբողջությամբ իրականացնել իր ծրագիրը»,- ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ Կառավարությունը ստացել է գործարանի բաժնետոմսերի վաճառքի գումարը: Վարչապետը նշեց, որ եթե Ազգային ժողովում «Նաիրիտ»-ի հարցով համապատասխան հանձնաժողով ստեղծվի, իրենք կհամագործակցեն եւ բոլոր տեղեկությունները կտրամադրեն խնդրի հետ կապված:
«Ռայնովիլ փրոփըրթի լիմիթիդ» միջազգային ընկերությունը 2006 թվականին գնել է «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը: Բաժնետոմսերի մնացած տասը տոկոսը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Արհեստական կաուչուկի արտադրությամբ զբաղվող «Նաիրիտ» գործարանը հիմնվել է 1940 թվականին: 2008 թ․ դեկտեմբերի 1-ին գործարանի աշխատանքը դադարեցվել է` ֆինանսական ճգնաժամի պատճառով: Մոտ 1500 աշխատողներ ազատվել են աշխատանքից: Ընկերության աշխատակիցները մաս-մաս ստանում են իրենց աշխատավարձի պարտքերը: