«Հայաստանը նվաստացրեց Դանիային». գրում է բրիտանական ESPN-ն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումից հետո միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի թիմի խաղին:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, UEFA-ի պաշտոնական կայքում տեղադրված հոդվածը վերնագրված էր «Հայաստանը ապշեցրեց Կոպենհագենին»: «Չնայած նախորդ հանդիպմանը, որտեղ հայերը անսպասլի կերպով զիջեցին Մալթային, այս անգամ Վարդան Մինասյանը փոխել էր ամբողջ մարտավարությունը: Հայերը «Պարկեր» մարզադաշտում զգում էին իրենց բավական վստահ: Երկրորդ գոլից հետո Մորտին Օլսենը փորձեց փոփոխությունների միջոցով բեկել խաղի ընթացքը, սակայն հյուրերին արդեն անհնար էր կանգնեցնել»,- գրում է կայքը:
Բրիտանական ESPN կայքն ավելի կտրուկ է վերնագրել իր հոդվածը` նվիրված Դանիա-Հայաստան խաղին. «Հայաստանը նվաստացրեց Դանիային»:Հանրահայտ պարբերականը, խոսելով Հայաստանի ազգային թիմի մասին, փաստում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակը Դանիայի նկատմամբ մրցակցի դաշտում ոչնչացրեցին տան տերերի հույսերը աշխարհի առաջնության հաջորդ փուլի ուղեգրի համար»:Ամփոփելով այս հանդիպումից հետո ձեւավորված մրցաշարային աղյուսակը` կայքը գրում է, որ այժմ երկրորդ տեղի համար պայքարում կմրցեն Բուլղարիան եւ Չեխիան:
Հայաստան-Դանիա խաղն ավարտվել էր 4-0 հաշվով` հօգուտ հայ ֆուտբոլիստների: Գոլերի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը (դուբլ), Արազ Օզբիլիսը եւ Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբեր ամսին` հյուրընկալելով Չեխիայի հավաքականին: Այս խաղից հետո Հայաստանն իր ակտիվում ունի 6 միավոր եւ Բ խմբի մրցաշարային աղյուսակում բարձրացավ 4-րդ հորիզոնական: