2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի տղամարդկանց հավաքականը հունիսի 6-ից 8-ը Մոսկվայում կայացած «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գավաթ»՝ սամբոյի միջազգային մրցաշարում գրավել է երրորդ տեղը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, հայ սամբիստները երրորդ հորիզոնականը կիսել են Ուկրաինայի հավաքականի հետ, երկրորդ տեղը գրավել են բելառուսները, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցչությունը:«Մեր մարզիկների մրցելույթներն, ընդհանուր առմամբ, գնահատում եմ լավ, այս հեղինակավոր մրցաշարին մենք մասնակցում էինք երկրորդ անգամ: Անցած տարի 5-րդ տեղում էինք, այս տարի՝ 3-րդ: Եվ սա այն դեպքում, երբ մեր թիմի կազմում վնասվածքների պատճառով ընդգրկված չէին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ Աշոտ Դանիելյանն ու Վաչիկ Վարդանյանը»,- նշել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Հայաստանի սամբոյի հավաքականների մարզիկներն այս տարվա Եվրոպայի առաջնություններում նվաճել են 15 մեդալ, որից 3-ը ոսկե, 5-ը՝ արծաթե, 7-ը՝ բրոնզե: Եվս մեկ արծաթե ու երկու բրոնզե մեդալի էլ հայ սամբիստներն արժանացել են աշխարհի գավաթի փուլերում: 2013թ. աշխարհի առաջնությունները տեղի կունենան աշնանը, իսկ մինչ այդ, հուլիսի 13-ից 16-ը, մեր ուսանող մարզիկներից 4-ը կմասնակցեն Կազան քաղաքում անցկացվելիք 27-րդ ամառային Ունիվերսիադային, ուր առաջին անգամ ընդգրկվել է նաև սամբո մարզաձևը: