«Չեմպիոնների լիգա»-ի գավաթը գնում է Մյունխեն. «Բավարիա»-ն չեմպիոն է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի 2012/2013 մրցաշրջանի չեմպիոնը Մյունխենի «Բավարիա»-ն է:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեկնարկային րոպեներին խաղն ընթանում էր հավասարազոր պայքարում, իսկ առաջին անկյունայինի իրավունքը վաստակեցին «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները, որն արդյունք չունեցավ:
Մյունխենցիների խաղում նկատելի էին զգուշավոր քայլերը: Թե «Բորուսիա»-ն եւ թե «Բավարիա»-ն կարողանում էին շատ արագ հակագրոհների անցնել: Դորտմունդցիները ոչ միայն խաղում էին առաջին համարով, այլ նաեւ մի պահ անընդմեջ անհագստացնում էին «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերին: Խաղակեսի ավարտին «Բավարիա»-ն ակնհայտորեն տիրել էր խաղային իրավիճակին: Սակայն մեկնարկային 45 րոպեների ընթացքում ոչ մի թիմի չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը:
Երկրորդ խաղակեսը քիչ թե շատ նման էր առաջինին, մինչ 60-րդ րոպեն: Ռիբերիի եւ Ռոբենի սկսած գրոհը իր տրամաբանական ավարտին հասցրեց Մարիո Մանջուկիչը` առաջ մղելով «Բավարիա»-ին: Դորտմունդցիները երկար չսպասեցին իրենց գոլին: Տուգանային հրապարակի սահմաններում «Բավարիա»-ի պաշտպանները խախտեցին խաղի կանոները եւ 11 մետրանոց հարվածն անթերի իրացրեց Գունդոգանը: «Բավարիա»-«Բորուսիա» 1-1:
Դրամատիկ, էմոցիաներով լեցուն այս խաղի վերջակետը դրեց Արիեն Ռոբենը՝ հանդիպման ավարտից ընդամենը մեկ րոպե առաջ գրավելով մրցակցի դարպասը եւ հաղթանակ պարգեւելով «Բավարիա»-ին:
Մյունխենի «Բավարիա»-ն Չեմպիոնների լիգայի գավաթին տիրացել է 4 անգամ: Հենց «կարմիրներն» են, ովքեր երեք տարի անընդմեջ դարձել են եվրոպական ամենահարգի մրցաշարի հաղթող (1974, 1975, 1976, 2001): Գերմանիայի ներկայիս չեմպիոնները «ՉԼ» եզրափակչում էին նաեւ անցած խաղաշրջանում, որտեղ տիտղոսը զիջեցին Լոնդոնի «Չելսի»-ին:










