1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի կենտրոնում միասեռականների պաշտպանությանը նվիրված անօրինական ցույցի մոտ 30 մասնակիցներ են ձերբակալվել:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, մայիսի 25-ին ակտիվիստները փորձել են հանդես գալ սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ, ինչի համար ակցիա են անցկացրել Պետդումայի շենքի եւ Մոսկվայի քաղաքապետարանի մոտ:
Ակցիայի մասնակիցները ծիածանի գույներով պաստառներ եւ դրոշներ են բարձրացրել, ինչից հետո ոստիկանությունը սկսել է նրանց ձերբակալելը: Դեպքի վայրում հավաքվել են նաեւ միասեռականների ցույցին դեմ ակտիվիստները, ինչպես նաեւ մի քանի լրագրողներ: Ոստիկանների կողմից ձերբակալվածների մեջ եղել են նաեւ միասեռականների հակառակորդներ:
Ավելի վաղ Մոսկվայի իշխանությունները արգելել էին միասեռականների պաշտպանությանը նվիրված ակցիայի անցկացումը Մոսկվայում եւ Խիմկիում, ինչից հետո նրանք հայտարարել էին, որ մայիսի 25-ին իրենք չարտոնված ցույց կանցկացնեն: