Շիրակի մարզի հիմնական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները հրաժեշտ տվեցին իրենց հարազատ կրթօջախներին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի դպրոցներում վերջին զանգը հնչեց ոչ միայն տասներկուերորդցիների, այլ նաեւ հիմնական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների համար: Մայիսի 25-ին «Վերջին դաս» միջոցառում անցկացրին հիմնական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները: Օրը փորձել էին տոնական էր դարձնել մարզի գրեթե բոլոր դպրոցներում: Դպրոցներից շատերը սահմանափակվել էին տոնական վերջին դասով, առանց ավելորդությունների եւ ճոխությունների: Ինչպես մարզի մյուս դպրոցների, այնպես էլ Գյումրու «Օյունջյան» հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների մեծ մասը, քննաշրջանից հետո, կհամալրի մարզի ավագ դպրոցների եւ վարժարանների աշակերտների թիվը, իսկ մինչ այդ 27 աշակերտից յուրաքանչյուրը հուզված երդվում է՝ ուր էլ գնան, բարձր կպահեն հարազատ կրթօջախի պատիվը: Ուսուցչական հանրույթը վստահ է՝ այս սերունդը մասնագիտության ընտրության ավելի մեծ հնարավորություն ունի, սակայն մինչ բուհական ընտրությունը, պետք է ճիշտ կողմնորոշվել եւ ընտրել համապատասխան վարժարանը, ավագ, կամ արհեստագործական դպրոցը:

Գյումրիում այսօր կա ե՛ւ ավագ դպրոցի, ե՛ւ հենակետային վարժարանների ընտրություն: Ի դեպ, հենակետային վարժարաններ ունեն ե՛ւ Երեւանի պետական տնտեսագիտական, ե՛ւ Ճարտարագիտական համալսարանները, եւ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը: Վերջին տարիներին մեծ թվով պատանիներ ցանկություն են հայտնում ուսումը շարունակել նաեւ արհեստագործական դպրոցներում:

Հայերեն