Ադրբեջանի իշխանությունը վախենում է ամերիկյան ԲՈւՀ-եր ավարտած երիտասարդներից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի քաղաքացիներն այսուհետեւ պետության հաշվին կարող են ուսում ստանալ ԱՄՆ-ի միայն երեք համալսարաններում: Սակայն, նախկին տարիներին այդ ցուցանիշը 82 էր: Ստեղծված իրադրության առանչությամբ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում: «Չեմ հասկանում, թե ծրագրին մասնակից ամերիկյան համալսարանների թիվն ինչու է 82-ից իջեցվել 3-ի: Սա ինչ վիճակ է` մենք չենք հասկանում», -ասել է նա` նշելով, որ հարցը պարզելու համար մոտ ժամանակում հանդիպելու է Ադրբեջանի կրթության նախարարի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը:

Որոշ փորձագետներ Ադրբեջանի կառավարության այդ քայլը բացատրում են քաղաքական գործոններով: «Բանը նրանում է, որ ԱՄՆ-ում կրթություն ստացած ադրբեջանցի երիտասարդները քաղաքական գործընթացներին ավելի ակտիվ մասնակցություն են ցուցաբերում: Կառավարությունն էլ այդ քայլը կատարել է դրա դեմն առնելու համար», -գրում է կայքը:

Թեմայի հետ կապված` կայքի հետ զրույցում Հանրապետական այլընտրանք շարժման (REAL) գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին հայտնել է, որ խնդիրը քաղաքական պատճառներ ունի: «Իշխանությունը հարցը չի կապել ԱՄՆ-ում կրթության թանկության հետ: Նշանակում է` ստեղծված իրավիճակի պատճառը միայն քաղաքական է: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում կրթություն ստացած երիտասրադների նկատմամբ իշխանություններն ավելի քինոտ վերաբերմունք ունեն: Այդ երկրներում ուսում ստացած երիտասարդներն ավելի շատ են կարեւորում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ նման այլ հարցերը: Կառավարության կարծիքով` նրանց ուղեղներն այդ երկրներում «լվացվում» են: Արտասահմանում ուսում ստացած երիտասարդներն Ադրբեջան վերադառնալուց հետո ջանում են իրենց տեսած համակարգը ստեղծել նաեւ հայրենի երկրում: Այդ պատճառով էլ արտասահմանյան կրթական կենտրոններում ավելի շատ ընդդիմադիր կարծիք ունեցող երիտասարդներ են աճում: Ադրբեջանի իշխանության ԱՄՆ-ի համալսարանների հետ կապված քայլը կապված է հենց այդ գործոնների հետ», -ընդգծել է Նաթիգ Ջաֆարլին:

Հայերեն