2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ռազմատեխնիկական քայլեր է ձեռնարկում, որպեսզի խոչընդոտի Ամերիկայի Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանության համակարգերի ներդրմանը Եվրոպայում:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը: «Այդ երեւույթի դեմ ռազմատեխնիկական հնարավոր հակազդող քայլեր մշակելու մասին մենք միշտ էլ խոսել ենք: Այդ մասին անցած տարվա նոյեմբերին խոսել է անձամբ ՌԴ նախագահը»,- ասել է Անտոնովը՝ հավելելով, որ եթե գա մի ժամանակ, երբ ԱՄՆ-ն կփորձի իր հակահրթիռային պաշտպանության համակարգն ստեղծել եւ այն ուղղել միջուկային ծրագրերը զսպելուն, ՌԴ պաշտպանության նախարարությունն ամեն ինչ կանի, որպեսզի ԱՄՆ-ն այդ հարցում ոչ մի արդյունքի չհասնի:
Ըստ Անտոնովի՝ ԱՄՆ-ն, Իրանին որպես իր համար թշնամի ընտրելով, եւ Եվրոպայի հետ այդ երկրին թշնամացնելու ճանապարհով փորձում է իր հակահրթիռային պաշտպանության համակարգի ծրագրերը կյանքի կոչել: «Իսկ դա իսկապես լուրջ խնդիրներ կստեղծի ռուս-ամերիկյան եւ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների համար»,-ասել է նա: Նա նշել է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգեր եղել են ԽՍՀՄ-ում, իսկ այնուհետեւ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, սակայն այս պահին խոսքը գնում է Եվրոպայում ընթացող գործընթացների մասին, որոնք վտանգ են ներկայացնում նաեւ Ռուսաստանի համար: Անտոնովն ընդգծել է, որ իրենք ռազմատեխնիկական քայլեր են ձեռնարկում առաջին հերթին իրենց երկիրը պաշտպանելու համար: