Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատում Հայաստանի և Շվեյցարիայի փոխհարաբերությունների մակարդակը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն՝ առաքելության ավարտի կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նախարար Նալբադյանը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեյցարիայի միջև հաստատված բարձր մակարդակի փոխհարաբերությունները, ընդգծելով, որ դեսպան Օբոլենսկին իր ուրույն ներդրումն ունի վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։
Շնորհակալություն հայտնելով իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության և իր աշխատանքի գնահատականի համար՝ դեսպան Օբոլենսկին նշել է, որ միշտ ջերմությամբ է հիշելու Հայաստանում անցկացրած տարիները։Նախարար Նալբանդյանն ու դեսպան Օբոլենսկին մտքեր են փոխանակել հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի շուրջ։
Հաջողություն մաղթելով Կոնստանտին Օբոլենսկուն իր հետագա դիվանագիտական աշխատանքում՝ նախարար Նալբանդյանը՝ ի գնահատումն հայ-շվեյցարական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում ունեցած ներդրման, դեսպանին հանձնել է ԱԳՆ հուշամեդալ։