2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում Հայաստանի ուժեղ եւ կայացած լինելըբխում է Ռուսաստանի շահերից: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: «Որքան մենք ունենք Ռուսաստանի կարիքը, այնքան էլ Ռուսաստանն ունի մեր կարիքը: Մենք շատ կարեւոր նշանակություն ունենք մեկս մյուսի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները հեռուն գնացող ռազմավարական համագործակցության վրա հիմնված հարաբերություններ են, եւ երկու երկրների միջեւ լուրջ հակասություններ լինել չեն կարող: Ըստ նրա՝ երկուսն էլ անկախ պետություններ են եւ նրանց միջեւ փոքր հակասություններ կարող են ծագել, սակայն լուրջ հետեւանքներ դրանք չեն ունենա եւ հեշտությամբ կլուծվեն:
Փորձագետը բարձր գնահատեց այն հանգամանքը, որ Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում մատչելի գներով հզոր ռազմական տեխնիկա է ձեռք բերում: Դիտարկմանը, թե միաժամանակ Ռուսաստանը ակտիվորեն զենք է վաճառում նաեւ Ադրբեջանին, Ջամալյանը նշեց, որ Ռուսաստանի ռազմական համագործակցությունը ցանկացած երկրի հետ կարելի է բնական համարել: «Չեմ կարծում, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք վաճառելով, կհակասի իր շահերին, իսկ Ռուսաստանի շահերից բխում է, որ տարածաշրջանում Հայաստանն ուժեղ ու մրցունակ լինի»,-ասաց նա:
Անդրադառնալով պատերազմի վերսկսման հնարավորությանը՝ Ջամալյանը նշեց, որ քանի դեռ մենք ունենք Արցախ պետություն, հզոր պաշտպանական համակարգ, պաշտպանության բանակ, որը ռազմական գործողությունների վերսկսվելու դեպքում ունակ է դրանք տեղափոխել հակառակորդի տարածք, Ադրբեջանը երբեք խոսքից գործի չի անցնի:
1994թ. մայիսին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի ռեժիմ հաստատվեց, որը թեեւ հաճախակի խախտումներին, մինչ օրս պահպանվում է: Ադրբեջանի իշխանությունները հաճախակի են հանդես գալիս ռազմատենչ հայտարարություններով, սակայն ռազմական գործողությունների գնալ չեն համարձակվում: