Լավրով-Մամեդյարով հանդիպումը քողարկում էր ռուս-ադրբեջանական հարաբերությունների «կնճիռները». ռազմական փորձագետ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը «հերթապահ» եւ ոչինչ չասող հանդիպում էր: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա դիտարկմամբ` այդ հանդիպումը կազմակերված էր ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվող «կնճիռները» քողարկելու համար: «Հանդիպման ժամանակ երկու արտգործնախարարներ երկար ժամանակ խոսում են «Եվրատեսիլ»-ից, ինչը շատ տարօրինակ էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց Ջամալյան՝ ընդգծելով, որ շատ ավելի խորքային հարցեր կան, որոնք քննարկման կարիք ունեն:
Ջամալյանն անդրադարձավ նաեւ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարարի արված հայտարարությանը, որը վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտությանը: Նա նշեց, որ Լավրովն այդ հայտարարությունն արել է Մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ՝ ընգդծելով, որ թեեւ Հայաստանն ու Ադրբեջանը մոռացել են այդ սկզբունքների մասին, սակայն դրանք դեռ շարունակում են մակերեսի վրա մնալ: «Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ մեր երկրի ռազմավարական գործընկեր պետության արտաքին գործերի նախարարը նման պահերին պետք է ավելի զգույշ լինի իր արտահայտությունների մեջ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ադրբեջանական ընկալման մեջ ստատուս քվոյի փոփոխությունը դիտարկվում է որպես Արցախը նվաճելու առաջին փուլ, իսկ Լավրովի կողմից նման արտահայտությունը նման էր հենց այդ ընկալմանը:
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, փորձագետի կարծիքով, արդեն երկար ժամանակ փակուղի են մտել: «Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից եւ նրան համաներում շնորհելուց հետո բանակցությունները փակվել են, եւ ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է զրոյից սկսել»,-ասաց նա:
Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում՝ մայիսի 21-ին: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ այս հարցում ստատուս քվոյի փոփոխություն է անհրաժեշտ: Նա նշել էր, որ մինչ այս պահը դեռեւս լուծված չէ ադրբեջանական տարածքների վերադարձի հարցը: