Մինսկի խմբի համանախագահները դիտարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այս տարվա ընթացքում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այս մասին նրանք հայտարարել են մայիսի 23-ին մեկնարկած տարածաշրջանային այցի ավարտին: Նրանք հայտարարություն են տարածել, որտեղ նշում են, որ մայիսի 23-24-ը հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ լրատվական ծառայությունից, երկու երկրների ղեկավարների հետ համանախագահներ Յան Քելին (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը քննարկել են իրենց վերջին այցից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում զարգացումները: Կողմերը վերահաստատել են խաղաղ կարգավորման հանձնառությունը եւ մտքեր փոխանակել մինչեւ տարեվերջ բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու հնարավորության առնչությամբ:
Համանախագահները, շարունակելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իրենց ջանքերը, պատրաստակամություն են արտահայտել գործընթացը տեղից շարժելու գաղափարներ առաջադրել եւ վերահաստատել են լարվածություն առաջացնող եւ բանակցություններին վնասող հռետորաբանությունից ու քայլերից զերծ մնալու անհրաժեշտությունը: Առաջիկա շաբաթներին միջնորդները կհանդիպեն արտգործնախարարների հետ` քննարկելու հակամարտության կարգավորման փոխադարձ ընդունելի մոտեցումները: