3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունն իրականում դադարեցված է: Ախալքալաքում այդ ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում: Պաշտոնական անձինք չեն ցանկանում մեկնաբանել հարցը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթին հայտնել է Վրաստանի «Tabule TV» հեռուստաալիքի աշխատակից Դմիտրի Ավալինաին:
Նրա խոսքով` Վրաստանի իշխանական հետնաբեմում շրջանառվող լուրերի համաձայն` երկաթուղու շինարարությունը դադարեցվել է նախագծի իրագործման համար Ադրբեջանի հետ նոր բանակցություններ անցկանելու հետ կապված: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունն արդեն մի քանի տարի շարունակվող երկաթուղու շինարարության հետ կապված ֆինանսական հետազոտություններ է անցկացնում: Ադրբեջանն այդ նախագծի վրա մոտ մեկ միլիարդ մանաթ (1.2 մլրդ ԱՄՆ դոլար) գումար է ծախսել, որի 770 մլն դոլարը կազմում է տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով Վրաստանին տրված վարկը:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին օրերս հանդես էր եկել սենսացիոն հայտարարությամբ: Ըստ «Գրուզիա օնլայն»-ի` նա ասել էր, որ Վրաստանը հարեւան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ լուրջ խնդիրներ ունի: «Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի շինարարությունը դադարեցվել է: Ադրբեջանի հետ հարաբերություններում ռազմավարական աղետի հավանականությունը շատ մեծ է: Թուրքիայի հետ եւս մի շարք ներդրումային նախագծեր դադարեցվել են: Անձամբ ես խիստ անհանգստացած եմ: Հուսով եմ, որ կառավարությունն էլ է անհանգստացած: Այն ամենը, ինչի վրա մենք աշխատել ենք այսքան ժամանակ, չպետք է ջուրը նետվի», -հայտարարել էր Սաակաշվիլին:
Վրաստանում իշխանության փոփոխությունից հետո նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ ստեղծված տնտեսական հարաբերությունները պետք է վերանայվեն: Հայտարարության մեջ Իվանիշվիլին ակնարկել էր Ադրբեջանից գնվող գազի գնի գոյացման եւ Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծում եղած թերություններին: Թերթը ենթադրել է, որ Վրաստանի նոր կառավարությունը «ցանկանում է ադրբեջանական նավթի տարանցումից ավելի մեծ եկամուտներ ձեռք բերել»: Ըստ ադրբեջանական մամուլի` Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլլաեւի հետ հանդիպման ժամանակ նրա այն նկատառմանը, թե «Շեւարդնաձեից սկսած` Ադրբեջանը Բաքու-Թբիլի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի նախագծի հետ միասին Վրաստանին աջակցում եւ եկամուտներ է ապահովում, Իվանիշվիլին պատասխանել էր. «Ի՞նչ է, ԲԹՋ-ն օդո՞վ պետք է անցկացնեիք: Հարկադրված եք եղել համագործակցելու Վրաստանի հետ»:
«Բիզիմ յոլ»-ը հայտնում է, որ մայիսի 25-ին Գաբալայում ծրագրված է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տնտեսական զարգացման նախարարների հանդիպումը, եւ հնարավոր է` այդ հանդիպման ժամանակ իրականանա «վրացական այդ ցանկությունը»: