1 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի խումբ անդամների:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, հանրապետության ներքին կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է հիմնադրամի գործունեությունը՝ այն որակելով որպես համահայկական ամենակայացած կառույցներից մեկը, որն իր ստեղծման օրից ակտիվորեն մասնակցում է հայրենիքի զարգացման ու զորացման գործին՝ հավելելով, որ առանց այս կառույցի անհնարին կլիներ հաղթահարել բազմաթիվ դժվարություններ եւ ամուր կանգնել կայուն զարգացման ուղու վրա:
Հանդիպմանը ներկա էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: