Տնտեսություն

«Սպայկա»-ն կրկին մթերել է արտահանման համար անհրաժեշտ կարտոֆիլը

3 րոպեի ընթերցում

«Սպայկա»-ն կրկին մթերել է արտահանման համար անհրաժեշտ կարտոֆիլը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպայկա» ընկերությունը կրկին մթերել է արտահանման համար նախատեսված կարտոֆիլը: Ընկերության պահեստում բռնկված հրդեհի ժամանակ ամբողջովին այրվել էր արտահանման նպատակով մթերված կարտոֆիլը:«Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ կարտոֆիլի անհրաժեշտ չափաբաժինը կրկին մթերվել է եւ արդեն արտահանվել է: «Մենք մթերել ենք 50-100 տոննայի սահմաններում կարտոֆիլ, որն արդեն ամբողջությամբ արտահանել ենք»,-ասաց նա: Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ընկերությունը կարտոֆիլ մթերում է հիմնականում Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերից:

«Սպայկա» ընկերությունը խնդիրներ է ունեցել կարտոֆիլի մթերման հետ: Ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավարը նշեց, որ իրենց համար բավականին դժվար է եղել մթերել արտահանման համար անհրաժեշտ կարտոֆիլը, քանի որ որակյալ կարտոֆիլ գրեթե չի մնացել: «Այս պահին հանրապետությունում որակյալ կարտոֆիլի պակաս կա: Դրա մասին են վկայում այն դժվարությունները, որոնց մենք հանդիպեցինք նոր չափաբաժնի մթերման ժամանակ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դժվար էր արտահանման համար անհրաժեշտ որակ ունեցող կարտոֆիլ գտնել:

Դիտարկմանը, թե շատ գյուղացիներ բողոքում են, որ իրենց կարտոֆիլը չեն կարողանում մթերել, Բաղդասարյանը պատասխանեց, որ հիմնականում անորակ կարտոֆիլն է մնացել, որի իրացումը, բնականաբար, դժվարություններ է առաջացնում: «Բացի դրանից, շուկայում վերջերս կարտոֆիլի գների բարձրացում է նկատվում, ինչը նշանակում է, որ նույնիսկ ներքին սպառման խնդիր կա»,-ասաց նա:

Երևանի Արշակունյաց պողոտայի 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում հրդեհ էր բռնկվել: Այս մասին ահազանգ էր ստացվել մայիսի 15-ին` ժամը 23:58-ին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Այրվել է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` մոտ 50 000քմ մակերեսով սառնարանային տնտեսությունը: Եռահարկ շինությունում բռնկված հրդեհի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չեն եղել: Ընկերությունը սկսել է սառնարանային նոր տնտեսության կազմակերպումը: Հրդեհի պատճառները դեռեւս հայտնի չեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում