Վլադիմիր Գասպարյանը կարկտից տուժած արմավիրցիներին հորդորել է ձեռնպահ մնալ պրոբլեմները հակաօրինական ճանապարհով լուծելուց
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանը մայիսի 24-ինհանդիպել է Արմավիրի մարզի՝ ավերիչ կարկտից տուժած համայնքների գյուղապետերի և մարզային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից` հիշեցնելով գյուղացու հոգսը թեթևացնելուն ուղղված ոստիկանության ձեռնարկումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ այս անգամ էլ ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց, և որ այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են արվել:
Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին հորդորել է ձեռնպահ մնալ պրոբլեմները հակաօրինական ճանապարհով լուծելու մտայնությունից, և գյուղապետերին կոչ արել սերտորեն աշխատել ոստիկանության տարածքային կառույցների հետ, իսկ այդ ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգել ոչ միայն քաջատեղյակ լինել բնակչության հոգսերին ու մտահոգություններին, այլև գործնականում օգնել դրանց լուծմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղապետերին հուզող այլ հարցեր ևս, որոնց լուծման վերաբերյալ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության համապատասխան ծառայությունների պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ:
Հանդիպումից հետո Վլադիմիր Գասպարյանն առանձնազրույց է ունեցել գյուղապետերի հետ, մանրամասն ծանոթացել համայնքների հիմնահարցերին և պատրաստակամություն հայտնել օժանդակելու դրանց կարգավորմանը: