Մարզային

Կապանի քաղաքապետարանը շրջանավարտներին անակնկալ է մատուցել

2 րոպեի ընթերցում

Կապանի քաղաքապետարանը շրջանավարտներին անակնկալ է մատուցել

ԿԱՊԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին զանգի կապակցությամբ մայիսի 24-ին Կապանի քաղաքապետարանը բազմաթիվ անակնկալներ է մատուցել շրջանավարտներին: Օրվա առիթով համաքաղաքային տոնական միջոցառումները քաղաքում շրջանավարտների մասնակցությամբ մեկնարկեցին երեկոյան` քաղաքի մշակույթի կենտրոնի հարակից հրապարակում, որոնց ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:

«Նոր ճամփաներ ու բազում վերելքներ են սպասվում ձեզ: Ինչպիսի ճանապարհ էլ ընտրեք, ցանկանում եմ, որ լինեք երջանիկ ու հաջողակ ճամփորդներ, լինեք առողջ ու կենսախինդ, լինեք մեր հայրենիքի արժանի քաղաքացի: Համոզված եմ` դուք կկարողանաք հաղթահարել կյանքի դժվարությունները եւ հաստատակամ քայլերով իրականություն կդարձնեք ձեր նպատակները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շրջանավարտներին ուղղված իր շնորհավորական խոսքում ասաց քաղաքապետը: Կապանում շրջանավարտների համար մայրաքաղաքից ժամանած երգիչների մասնակցությամբ կազմակերպվել է նաեւ տոնական մեծ համերգ, որի ավարտից հետո օրն ավելի հիշարժան դարձնելու նպատակադրմամբ քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի մարզադաշտում կապանցի 329 շրջանավարտներից յուրաքանչյուրը բաց կթողնի իր կանթեղ-օդապարիկը` նախապես մտապահելով ցանկություն: Ժամը 21-ից քաղաքի մշակույթի կենտրոնի հրապարակում մեկնարկել է բացօթյա դիսկոտեկ: Բացի այս անակնկալներից` Կապանի քաղաքապետի կողմից օրվա առիթով բոլոր շրջանավարտներին բաժանվել են քաղաքը խորհրդանշող անվանական հուշանվերներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում