Արցախի շրջանավարտների հերթական սերունդը ծնվել և ուսում է առել արդեն ազատագրված հայրենիքում. ԼՂՀ ԿԳ նախարար
1 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 Մայիսի, ԱՐՄԵնՊՐԵՍ: Արցախում մայիսի 24-ին վերջին զանգը հնչել է 216 դպրոցներում: Ավագ և հոսքային դպրոցներին հրաժեշտ է տվել 1300, իսկ հիմնական դպրոցներին 2243 աշակերտ: Տոնական միջոցառումներ են կազմակերպվել Ստեփանակերտի և Արցախի շրջանների բոլոր դպրոցներում:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, տոնական տրամադրությունն ապահովվել է Արցախի բոլոր դպրոցներում: «Արցախի շրջանավարտների հերթական սերունդը ծնվել և ուսում է առել արդեն ազատագրված հայրենիքում: Օրվա առթիվ ցանկանում եմ մեր հանրապետության բոլոր դպրոցականներին, ՀՀ և Սփյուռքի մեր հայրենակից բոլոր շրջանավարտներին ջերմորեն շնորհավորել և բարի երթ մաղթել»,-ասաց ԼՂՀ կրթության և գիտության նախարարը` նշելով, որ իր խոնարհումն է բերում բոլոր այն ուսուցիչներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում և նվիրումով կրթում ու դաստիարակում են մեր դպրոցականներին: Վերջին զանգի կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքապետարանը ԼՂՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ շրջանավարտների համար տոնական հանդես է կազմակերպել մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում: